Փերիների գալուստը

Փերիների գալուստը

Օրվա այն ժամին,

երբ զգայարանդ հուշում է, որ դու զավակն ես լուսնի և

սերդ անէության ձևն է ստանում… հյուծեղանում ու ծորում հեղուկակերպ ու անկերպ…

քաղաքը քեզ հուշում է,

որ սիրո համար անելանելիի ժամանակներ են սկսվում…

ամենայնին փոխարինող դեղահաբերի ժամանակները,

որ կծխեցնեն հոգսերը օրվա…

օրվա հետ միասին…

զգայության համար անանցանելի ու

ապահով,

չծնված սաղմի պես ցանկալի…

լույսը բացվելուն պես կամ լույսը վառելուց առաջ

հեռու մնացեք օտարներից…

հանկարծ կարող է սիրեք երկուսին կամ մեկին, և լուրերում մեռնողները էլ չեն սփոփի

լուռ սրճաժամը լուսադեմի…

հետո էլ համընդհանուր իրականն է սկսվում…

ունայնության եռուզեռը տրոհում է սպասելիքիդ առօրյա ծեսը, և

դու տենչում ես նոր տեղանքներ, որոնց ներսում այլոց ժամանակն ու

պատմությունն է իշխում…

սակայն այդ նույն ընթացքում ինչ-որ բան մեռնում է քո ներսում և առավոտվա լուրերում չի արտացոլվում…

ու չես գտնում սփոփանք մեռնումիդ մեջ ու ոչ էլ այլոց մեռնումի…

ժամանակից զատ երակներումդ կան հոսանքներ, որ նույնպես կարող են հապաղել ու

կանգնել…

անօգուտ հայելիներ վերանորոգ քարանձավում, որ զննում են քեզ և

իրենց տեսնել բնավ չեն ուզում…

անօգուտ տեսիլներ ու տեսնողներ – ռումբերից առաջ, ռումբերից հետո…

տեսիլքներ, տեսիլքներ ու էլի տեսիլքներ… առանց տեսնող-տեսանողի…

անթագավոր գահեր…

մահեր առանց մեռնողների ու մեռնողի…

հարություններ՝ անձայն ու անլուռ,

նույնիսկ անտեսանելի…

անձրևով լվացվող արձաններ…

արձաններով լվացվող հոգիներ…

հոգիներ առանց տերերի ու լռության,

ներկայությունից առավել անշարժություն ու որդեր սովյալ, որ չունեն թևեր գաղթելու ու

քարավան ձգելու երևակայություն…

ու հենց այդժամ են փերիները ծնվում ու փթթում անտառում ծառերի թմբիրին համահունչ

ու բովանդակ է դառնում բույսի բնութքը լուռ ու անվրդով…

նորից ծնվում է տեսլային մի բան,

դառնում առավել իրական, հրատապ ու շարժուն…

ու զանազանում Տեսանողին իր բիբից սեփական…

Վահե ԱՐՍԵՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում