Վիգեն Չալդրյան․ «Սերն է կյանքի իմաստը»

Վիգեն Չալդրյան․ «Սերն է կյանքի իմաստը»

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել` «Սանտա Կրուսը»` ըստ Մաքս Ֆրիշի համանուն պիեսի: «Սանտա Կրուսը» կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին է: Ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է:

Նա շատ վաղուց էր ցանկանում բեմադրել այդ գործը եւ ահա վերջապես այն իրականություն դարձավ Համազգային թատրոնի բեմում: Վիգեն Չալդրանյանն, օրերս կայացած առաջնախաղի առիթով, որին ներկա էր նաեւ իր վաղեմի բարեկամ, Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, նշեց, որ մեր երկիրն ավելի շատ սիրո կարիք ունի: Եվ «Սանտա Կրուսը» իր ֆիլմերից ու ներկայացումներից միակն է, որ քաղաքականության հետ բնավ չի առնչվում:

Aravot.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը հայտնեց, որ ներկայացման մեջ բացի թատրոնի լավագույն ուժերից (Ալլա Սահակյան, Վարշամ Գեւորգյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Խաչատրյան, Վանիկ Մկրտչյան եւ այլք), ներգրաված են նաեւ իր արվեստանոցի ուսանողները:

«Ավելի քան համոզված եմ, որ սերն է կյանքի իմաստը… Ես տարբեր փուլեր եմ ունեցել իմ կյանքում, կյանքի այս փուլում իմ ամենամեծ ուժը ուսանողներս են եւ բեմում կանգնած այս տաղանդավոր դերասանները, քանի որ ստանձնել եմ առաքելությունը լինելու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար »,-ասաց ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում