Բա ես Ջաթեցի․․․

Բա ես Ջաթեցի․․․

Համոն` համով Համո էր:

-Համիդ մեռնեմ, -ասում էր տատիկը:

-Անուշս, -ասում էր մայրիկը:

-Քաղցրս, -ասում էր հայրիկը:

Համովս, սիրունս, քաղցրս…, -ամեն օր բոլորից լսում էր Համոն: Ախր նա տան ամենափոքրիկն էր, ամենասիրունն էր, ամենահամովն էր:Նրա լեզուն նոր էր բացվել, նրա խոսքն էլ համով էր իր նման: Համոյին ամեն ինչ կարելի էր, քանի որ դեռ հինգ տարեկան չկար ու մեծ չէր: Էվիտան կարծում էր, որ հինգ տարեկան երեխաները արդեն մեծ են:Ու քանի որ Համոն դեռ հինգ տարեկան չկար, կարող էր տանը հեծանիվ քշել:Հինգ տարեկան Էվիտան երբեմն հրում էր հեծանիվը, որ արագ գնա: Օգնում էր Համոյին, չէ որ քույրիկն էր: Մի անգամ ինչպես պատահեց, Համոն…չէ, հեծանիվը կպավ գետնին դրված ծաղկամանին: Ծաղկամանը շրջվեց ու կտոր կտոր եղավ: Համոն կատարվածից շփոթահար` չիմացավ ինչ անել: Չէ որ նա դիտմամբ չարեց:

-Ափսոս էլ էր, -ասում էր տատիկը:

-Ինչու կոտրեցիր, -հարցնում էր հայրիկը:

-Էլի կանես, -հարցնում էր մայրիկը:

Համով Համոն վիրավորանքից պռոշ արեց ու լաց եղավ:

Հաջորդ օրը` կոտրված ծաղկամանի մասին մոռացած, բոլորը Համոյին կանչում էին իրենց մոտ.

-Արի սիրեմ, անուշս -ասում էր տատիկը:

-Արի տեսնեմ, քաղցրս, -ասում էր հայրիկը:

Իսկ համով Համոն գլուխը կախ կանգնել էր նրանցից հեռու ու ոչ մեկի մոտ չէր գնում:

-Գնա, թող սիրեն, -ասաց մայրիկը:

-Բա յես ջաթեցի, -մեղավոր- մեղավոր ասաց համով Համոն…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում