Հին ու սիրված երգեր. Արամոն նշեց 50-ամյակը

Հին ու սիրված երգեր. Արամոն նշեց 50-ամյակը

Ապրիլի 3-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հոբելյանական համերգը՝ նվիրված նրա 50-ամյակին: Երգիչն իր հոբելյանը նշեց ընկերների ու հանդիսատեսի հետ: Համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արամոյի հետ բեմում էին նրա կինը՝ Էմմա Պետրոսյանը, որդին՝ ջութակահար Ավո Գևորգյանը: Երգչի հետ հանդես էր գալիս լարային քառյակը, մի շարք երիտասարդ երաժիշտներ՝ Մադաթ Ավանեսովի ղեկավարությամբ:

Երկրպագուները երկու ժամից ավելի վայելեցին Արամոյի և Էմմայի կատարումները: Երեկոյի ընթացքում հնչեցին հին ու նոր, սիրված երգեր, որոնք Արամոյի հետ միասին երգում էր նաև հանդիսատեսը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորելով երգչին՝ նշեց, որ նա ոչ միայն հիանալի երգիչ է, դերասան, իսկական երևանցի, այլև ընտանիքի լավ հայր, ամուսին, որդի: Արամոն և Արմեն Ամիրյանը երկար տարիներ մի շենքում են ապրել, եղել են ոչ միայն լավ հարևաններ, այլև՝ ընկերներ:

«Արամոն ամուսնացավ մեր դպրոցական ընկերոջ՝ Էմմայի հետ, դարձավ ամենալավ ամուսինը, բակում ամենահոգատար հայրը, ես՝ երկրորդն էի»,- կատակեց նախարարը:

Համերգի ժամանակ Արմեն Ամիրյանը նաև անակնկալ էր պատրաստել՝ երգչին հանձնեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը:

Հայկական էստրադային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ երգիչ Արամոն (Արամ Գևորգյան) պարգևատվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում