«Սանտա Կրուս»՝ հանդիսատեսի բեմադրված երազը

«Սանտա Կրուս»՝ հանդիսատեսի բեմադրված երազը

Մաքս Ֆրիշի թատերգությունը Համազգային թատրոնի բեմում է

«Ամեն մարդ վաղ թե ուշ իր համար մի պատմություն է հորինում, որը համարում է իր կյանքը»,- այս միտքը շվեյցարացի հեղինակ Մաքս Ֆրիշին է պատկանում: Նա նաեւ ասել է, որ եթե քեզ թվում է, թե ճանաչում ես սիրածդ մարդուն, ուրեմն դա հենց սիրո վերջն է: Հենց այս սկզբունքով էլ նա գրել է իր «Սանտա Կրուս» պիեսը, որը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը բեմադրել է վերջերս:

Ճիշտ է, Մաքս Ֆրիշը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր երեք վեպերի` «Շթիլլեր», «Homo Ֆաբեր» եւ «Ինձ կկոչեմ Գանտենբայն», շնորհիվ, բայց 1944-ին գրված «Սանտա Կրուսն» էլ պակաս հետաքրքրական չէ:

Բացի Համազգային թատրոնի լավագույն դերասաններից (Ալլա Սահակյան, Վարշամ Գեւորգյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Խաչատրյան, Վանիկ Մկրտչյան, Նարեկ Բաղդասարյան, Գագիկ Մադոյան եւ այլք), Վիգեն Չալդրանյանը նաեւ իր արվեստանոցի ուսանողների ուժերն էլ է օգտագործել: Ներկայացման սկզբում պոետը ակնարկում է, որ «Սանտա Կրուսը» կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին է: Նա նաեւ ասում է, որ 7 օրվա մեջ տեւող գործողություններն ամփոփում են 17 տարի…

Հերոսը` Պելեգրինը (Վարշամ Գեւորգյան), որին մեկ շաբաթ է մնացել ապրելու, հնարավորություն է ունենում հեռուներից վերադառնալով` վերջին անգամ սիրած կնոջը` Էլվիրային (Ալլա Սահակյան) ասել` եթե մի անգամ էլ նարինջ մաքրեինք…նորից մեր շուրջը կյանք կլիներ։ Այդպես եղել է 17 տարի առաջ:

Նա նաեւ հասցնում է կյանքի վերջին վայրկյաններին ծանոթանալ դստեր հետ, որը կրում է իր սպիտակադրոշ «Վիոլա» նավի անունը:

Պելեգրին-Վարշամ Գեւորգյանը կոչ է անում մարդկանց արթնանալ, ապրել, որովհետեւ կյանքը կարճ է: «Սանտա Կրուսը» ինքնատիպ թատերախաղ է` երազում. Վիգեն Չալդրանյանը բեմադրել է հանդիսատեսի երազը: Դա թատրոնի առանձնահատկությունն է: Ի դեպ, քանի որ երիտասարդ ուժեր են խաղում ներկայացման մեջ, նրանք մի դրվագում հիփ-հոփ ոճով ձոն են հղում Նորին մեծություն թատրոնին:

Առաջին տպավորությամբ «Սանտա Կրուսը» ներկայացում է պատասխանատվությունից խուսափող, սիրած կնոջը լքող մարդու՝ Պելեգրինի մասին: Իրականում, սակայն, սիրո, ազատության ու երազանքների նաեւ այն կնոջ մասին է, որը գիտի, որ նման է հազարավոր խեցիներից ամենագեղեցիկին, գիտի, որ այդ մասին շատերին է ասվել, բայց ինքը միակն է, ում մոտ վերադառնում են: Գիտի նաեւ, որ ազատատենչ մարդու համար ամուսնությունը հավասար է դագաղի, շղթայման, դրա համար էլ հարմարվել է` իր կյանքը կապելով Բարոնի (Արման Նավասարդյան) հետ, որն այնքա՜ն տաղտկալի կյանքով է ապրում: Բարոնի կանոնակարգված կյանքի առանձին դրվագներ ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում նրա օրագրում: Գրագիրն (Վանիկ Մկրտչյան) ամրագրում է, թե օրինակ՝ ինչպես Բարոնը սագ կերավ տիկնոջ ծննդյան օրը կամ ինչպես կերակրեցին նրա եզներին…

Խորհրդավոր անծանոթի` Պելեգրինի վերադարձը խճճում է Բարոնի մտքերը, ինչպես նրա ձեռքի թելի կծիկը. նա այլեւս ունակ չէ ապրել կարգ ու կանոնով, քանի որ կինը երազում դավաճանել է իրեն, իսկ Պելեգրինն ապրել իր փոխարեն:

Նշենք, որ բեմադրության մեջ չկար որեւէ աննպատակ դետալ, ամեն ինչ իմաստավորված էր ու խորհուրդ ուներ: Հրաշալի էին աշխատել բոլորը` սկսած երաժշտական ձեւավորող Դավիթ Դավթյանից, վերջացրած դեկորատորներով:

Ալլա Սահակյանը, Վարշամ Գեւորգյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Կարեն Խաչատրյանը, Վանիկ Մկրտչյանը եւ այլք կենդանի դարձրին ներկայացումը, ստիպեցին հանդիսատեսին հուզվել: Չթերագնահատելով բոլորին, այդ թվում` շնորհալի ուսանողներին, ուզում ենք առանձնացնել հատկապես Դավիթ Հակոբյանի հրաշալի խաղը: Ինչպես միշտ, վարպետը փայլում էր բեմում: Ու հաստատ երիտասարդ դերասանները նրանից սովորելու բան ունեն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում