Բարի կեսգիշեր

Բարի կեսգիշեր

Բարի կեսգիշեր իմ հրե ընկեր,
բարի կեսգիշեր արևային այրվածքներին,
բարի կեսգիշեր օրվա գոլ շնչառությանը,
բարի կեսգիշեր մենության ընդվզումին,
և տիեզարական ճամփորդություններին,
պորտուգալական կոշիկս կարծես ոտքս սեղմում է…

Օրը ճկվում է ծուռ հայելու նման
և ցրիվ գալիս…
Ես նայում եմ շան աչքերի մեջ
և մարդկային ինչ-որ բան փնտրում…

Բարի կեսգիշեր այն գիշերին,
երբ մարդ-ընդվզումը ծնեց մահ
և քաղաքներ,
Բարի կեսգիշեր ազատագրված օդապարիկներին,
որ գունավոր հոգիներն ի ցույց դրեցին արևին
բարի կեսգիշեր այն արևին,
որ գիշերն այրվեց մինչև ամայացում,
և վաղորդյան մռութը լվաց ջրցան մեքենայով,
բարի կեսգիշեր մարդկային արյունն ու հոգին ախտահանող
երկաթե ջրցաններին,
քամին գալարում էր, ցնցում, փրփուրի պես ցիրուցան անում
կնոջ արնոտ մազերը,
օդապարիկները զննում էին ինձ և
աչքերիս մեջ մարդկային ինչ-որ բան փնտրում…

և լինելիքը չի էլ եղել,
սարսափի չռված աչքերը գլորվում են և
դեմ առնում երկաթե վահաններին,
մղջավանջերն այլևս իրականություն են,
մերձավորի կյանքը` հավերժական երազ,
բարի կեսգիշեր ապագայի գույնզգույն օդապարիկներին,
հեռադիտակի սուր ծայրին աչք չթարթող
գունավոր հեղափոխականներին
բարի կեսգիշեր,
սերը որձկաց ձուլվեց ատելության և
անուժության հետ,
մաղձ-ոտնահետքերով սահեց-անցավ
մեքենաների կմախքացած էության միջով,
բարի կեսգիշեր հրե մեքենաներ
երկաթե վկաներ,
երկաթե արևներ,
երկաթե բզեզներ մահաբեր, արդյոք
կարո՞ղ եք կշռել գինը պոռթկումի,
ազատության, ուսադիր-հրամանի և
արդարության,
կա՞րող եք կշռել հոգուս գրամները,
արդյո՞ք գիտեք որ արյուն է հոսում իմ երակներում
կեսգիշերային ճակատագրական միջատներ,
գիտե՞ք, որ Տերը մոռացել է զրահապատել մարմինն իմ
և երկաթ խառնել իմ անկայուն էությանը,
բարի կեսգիշեր երկրագնդի առաջին
բնակիչներին,
բարի կեսգիշեր երկաթե լուսատուներին:

Պորտուգալական կոշիկս սեղմում է ավելի տանջալի,
մարդկային ճիչը ցնցում է օդը և
քարի ծանրությամբ ասֆալտի մեջ մխրճվում,
որտե՞ղ փնտրեմ նրանց, ովքեր
երբեք չեն տեսնի գույնզգույն օդապարիկները,
երկնքում անհոգ ճախրող,
կարծես անտեղյակ,
թախծոտ-անկառավարելի,
գիշերը արյուն է թքում և
բերանը սրբում փայլուն ուսադիրով,
պետք է փրկվել,
անէանալ կոտրված սրտերի կամ
բորոտների արահետներում,
խանութների ցուցափեղկերը – փշուր-փշուր…

Բարի կեսգիշեր անէացած էություններին,
վանդակապատ մեքենայով ճամփորդողներին,
ժամ առ ժամ ճկվող թոքախտավորներին,
փայտե մուրճին ապավինողներին,
քիմիոթերապիա ընդունողներին,
որբանոցում կարեկցանքի և
ծննդյան կարկանդակի սպասողներին – բարի կեսգիշեր,
բարի կեսգիշեր,
խելագարությամբ դաջված Դոն Կիխոտերին,
դիսպանսեր կոչվածին
հավերժ դատապարտվածներին,
բարի կեսգիշեր տիեզարական որբությանը դատապարտվածներին,
կյանքին դատապարտվածներին – 
– բարի կեսգիշեր:

P.S. Կոշիկներիս սեղմումը դարձավ անտանելի,
ոչ այս պահին, այլ
տարիներ շարունակ,
կեցցե իմ բոբիկությունը,
կեցցե պորտուգալական կաշին, քանի դեռ
շնչում է-բարուրում կենդանի
հորթուկին:

Վահե ԱՐՍԵՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում