UWC Դիլիջանի ուսանողների նախաձեռնությամբ ապրիլի 7-8-ին կանցկացվի Դիլիջանի արվեստների փառատոն

UWC Դիլիջանի ուսանողների նախաձեռնությամբ ապրիլի 7-8-ին կանցկացվի Դիլիջանի արվեստների փառատոն

Ապրիլի 7-ին և 8-ին Դիլիջանում առաջին անգամ կանցկացվի Դիլիջանի արվեստների փառատոն, որը նախաձեռնել են UWC Դիլիջանի ուսանողները: Փառատոնի նպատակն է Դիլիջանին վերադարձնել իր՝ որպես տարածաշրջանային մշակութային և արվեստների կենտրոնի նախկին փառքը: Անդրանիկ փառատոնը կանցկացվի «Արմատներ» թեմայի ներքո: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

UWC Դիլիջանի ուսանողուհի և փառատոնի գլխավոր կազմակերպիչ Հելենը՝ Հարավային Աֆրիկայից, պարզաբանում է, թե ինչպես է ծագել փառատոնի միտքը, և ինչու են ուսանողները որոշել կյանքի կոչել այն: «Դիլիջանի բնապատկերների ու մարդկանց բնական գեղեցկությունը սքանչելի է: Քաղաքն ունի հսկայական ներուժ՝ դառնալու Հայաստանի մշակութային ու զբոսաշրջային կենտրոն: Դիլիջանի արվեստների փառատոնը միջոց է այդ ներուժն իրագործելու համար. այն մեկ տեղում կհավաքի մարդկանց՝ Հայաստանից և արտերկրից՝ միասին տոնելու մշակութային բազմազանությունն ու ինքնարտահայտումը՝ միևնույն ժամանակ վայելելով Դիլիջանի հրաշքները: Այս տարվա թեման է «Արմատներ», և լիահույս ենք, որ այս թեմայի միջոցով միասին կբացահայտենք մարդկության և մարդկային մտքի ակունքները և կփոխանակվենք արվեստի մասին մեր պատկերացումներով»,- ասում է նա:

Հայտնի ու անհայտ ավելի քան 40 երիտասարդ և մեծահասակ հայ երգիչներ ու պարողներ կհավաքվեն Դիլիջանում՝ ներկայացնելու դասական, ջազ, ժողովրդական և ժամանակակից երաժշտական ներկայացումներ: Նրանց կմիանան նաև UWC Դիլիջանի 100-ից ավելի ուսանողներ, ովքեր իրենց մասնակցությունը կունենան տարբեր համերգներում և ցուցադրություններում:

Երկու օրերի ընթացքում ողջ Դիլիջանը կվերածվի արվեստի ու համերգի վայրի: Փառատոնին կմասնակցեն քաղաքի գրեթե բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Caffeine («Կոֆեին») սրճարանի այցելուները կունենան հնարավորություն՝ ըմպելու սուրճ և նկարելու «Խմի՛ր և նկարի՛ր» ինտերակտիվ միջոցառման շրջանակում, իսկ Café #2-ի (Սրճարան #2) առջևի հատվածում փառատոնի այցելուները կտեսնեն իմպրեսիոնիզմի ուղին բռնած երիտասարդ արվեստագետների, ովքեր բացօթյա գեղանկարչության միջոցով կփորձեն վերարտադրել Դիլիջանի հրաշալի բնությունը: «Քարահունջ» սրճարանում ելույթ կունենան «Տիեզերք» խումբը և Լուսինե Մարդանյանը, իսկ «Թռչող ջայլամ» ռեստորանում տեղի կունենա խնջույք՝ դիջեյի ներգրավմամբ:

UWC Դիլիջանը կվերածվի մի վայրի, որի հարկի տակ կանցկացվեն արվեստի զանազան ներկայացումներ, ինչպիսին է «Այբ» դպրոցի արվեստի ցուցահանդեսը, UWC Դիլիջանի ուսանողների նվագախմբի ելույթը (նվագախումբը կներկայացնի Գերշվինի «Բլյուզի ռապսոդիան»՝ տաղանդավոր դաշնակահար Արամ Խանլարիի հետ), «Օտրի տրիո» անսամբլի համերգը, UWC Դիլիջանի ուսանողների անհատական թատերական ներկայացումները, ձայնային դիզայնին նվիրված ներածական հանդիպումը և «ԴիլիԱշխարհ» (DiliWorld) շոուն՝ համագործակցային բեմադրություն, որը կներկայացնի UWC Դիլիջանի զանազան մշակույթների երգերն ու պարերը: Սա կլինի UWC Դիլիջանի փոքրիկ աշխարհի իրական արտացոլումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում