Սև էի հագել՝ գնում էի հոգեհանգստի. կառավարությունում լույսերը վառած ցտեսություն էր ասում

Սև էի հագել՝ գնում էի հոգեհանգստի. կառավարությունում լույսերը վառած ցտեսություն էր ասում

Գնացքը սլանում էր: Ես գլորվեցի գնացքից ու խեթ-խեթ վերև նայեցի, երկինքը սպիտակ էր, ես էլ, գլուխս բռնած երկինք էի բարձրանում: Մեկը ձայն տվեց, թե դու երկրին պետք ես: Գլուխս դատարկ ետ եկա: Հիվանդանոցում էի… ու այդ մի քանի օրվա մեջ, ինչեր ասես, որ աչքերիս առաջ չհայտնվեց:

Եկեղեցու բակում մարդ չկար: Հիվանդ եկեղեցի մտա, դուրս եկա առողջ: Անձրև էր: Երկնքում՝ ամպերը իրար էին հասել: Բենը չկար: Գնում էի, ուզում էի գտնել ու շնորհակալություն հայտնել նրան… չկար:

Քաղաքը հիվանդ էր, ես բերանս էի առել աղոթքն ու գրականություն էի աղոթում… Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը… մեջս ձիեր կան դոփող, առնական ձիեր, որ քաղաքի կենտրոնական հատվածում դոփում էին ու կառավարության շենքի առաջ ազատություն էին պահանջում: Քունքերիս առած անազատությունը տանում էի թաղելու, էլ ազատ չէի իմ քաղաքում, անազատության մեջ աղոթում էի ու բան էի կորցնում, ազնվություն… Քաղաքը թուրքական մուղամի մեջ հանգիստ սատկում էր… լռություն եմ պահանջում, թողեք լռության մեջ աղոթեմ,- ասացի քաղաքին ու հեռացա քաղաքից:

Բենը այդ գիշեր եկավ մեր տուն, ասաց՝ մեռել է քաղաքը: Սև էի հագել… գնում էի հոգեհանգստի: Կառավարությունում լույսերը վառած ցտեսություն էր ասում քաղաքին: Եմիշագլուխ քաղաքագլուխները բերանները բաց որոճում էին: Գետինը բացվեց… մտնող չկար: Գետինը կրկին բացվեց… առաջինը ես մտա: Հիմա քաղաքը անտակ է, մարդիկ անձրևում են, բնությունն էլ թոքախտավոր է…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում