Փարաջանովը, հայր ու որդի Վարդանովները մեկտեղվել են մեկ «տարածքում»

Փարաջանովը, հայր ու որդի Վարդանովները մեկտեղվել են մեկ «տարածքում»

Հոլիվուդում գործող Փարաջանով-Վարդանով ինստիտուտի հիմնադիր Մարտիրոս Մ. Վարդանովը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ինստիտուտը The Criterion Collection-ի հետ թողարկում է Blu-Ray/DVD, որը ներառում է ինչպես Սերգեյ Փարաջանովի գլուխգործոց «Սայաթ Նովան» («Նռան գույնը»), այնպես էլ Փարաջանովի բարեկամ ռեժիսոր եւ օպերատոր Միքայել Վարդանովի` Ժամանակին արգելված «Հայկական հողի գույնը» (THE COLOR OF ARMENIAN LAND) կինոէսսեն (1969 թ.), եւ նրա որդի Մարտիրոս Վարդանովի` THE LAST FILM վերնագրված աշխատանքը:

Վերջինս նվիրված է Սերգեյ Փարաջանովին եւ Միքայել Վարդանովին:

Միքայել Վարդանովն իր «Հայկական հողի գույնը» ֆիլմում նկարել է Սերգեյ Փարաջանովին, Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտո Չաքմաքչյանին ու մյուսներին:

Ընդ որում, նկարել է «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով: Ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:

Փարաջանով-Վարդանով ինստիտուտի ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Հայկական հողի գույնը» չի ցուցադրվել 43 տարի` մինչեւ 2012-ը, երբ պրեմիերան կայացավ Բուսանի միջազգային կինոփառատոնում:

Փարաջանովի վերականգնված «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան էլ կայացել է 2014-ին, Կաննի 67-րդ կինոփառատոնի ժամանակ` Cannes Classics ծրագրում: Այն վերականգնվել էր «L’immagine Ritrovata»-ի կողմից՝ «Film Foundation-World Cinema Project»-ի ֆինանսավորմամբ:

Մարտիրոս Վարդանովի «Վերջին ֆիլմը» նկարահանվել է 2014 թ. հին Bolex տեսախցիկով, 16 միլիմետրանոց «Կոդակ» սեւ-սպիտակ ժապավենով: Պրեմիերան կայացել է Հոլիվուդում եւ Նյու Յորքի Lincoln Center-ում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում