«Վերածնունդ» փառատոնը Գյումրիում համախմբել է 37 երկրներից 3100 երաժիշտների. մանրամասներ

«Վերածնունդ» փառատոնը Գյումրիում համախմբել է 37 երկրներից 3100 երաժիշտների. մանրամասներ

Այս օրերին Գյումրիում են գտնվում 37 երկրիներից ավելի քան 3100 անվանի երաժիշտներ: Այցելության նպատակը արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 10-րդ հոբելյանն է, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10 ամյակներին ու Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից՝ աշխարհահռչակ ջազմեն Սերգեյ Մանուկյանը, թավջութակահար Ալեքսեյ Վասիլևը, Ալեքսանդր Մոստիկանովը, Իգոր Ռաևսկին, Ալեքսանդր Սամարինը, Ադամ Տերացույանը, Նատալիա Կիրիչենկոն, աշխարհահռչակ դաշնակահար Վիկտոր Գոլդբերգը, Վոյցեխ Վալեչեկը, Էլիս Շարշենբաևը և այլք:

Փառատոնի մեկնարկը տրվեց ապրիլի 5-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Փառատոնն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Երևանի պետական կոնսերվատոիայի Գյումրու մասնաճյուղի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Բացմանը ներկա հանդիսատեսի շարքերում էին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ տիկնոջ հետ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջ երեկոյի ընթացքում բեմում էր նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ:

Նախարար Ամիրյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նկատեց, որ արդեն 10-րդ անգամ Գյումրին հայ երաժշտությունն է դրոշմում աշխարհի տարբեր ծայրերից այցելած երաժիշտների սրտերում ու նրանց ճանապարհում որպես Գյումրու դեսպաններ:

«Թող յուրաքանչյուր մասնակից մեծ ուրախությամբ ու ջերմեռանդությամբ հիշի Գյումրին, գյումրեցուն ու այս գեղեցիկ միջոցառումը: Այս տարի նշելով սարսափազդու տարերքի 30-րդ տարելիցը՝ միաժամանակ ուզում ենք ազդարարել, որ Գյումրին ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ամենամշակութային մայրաքաղաքն է», – նշեց նախարարը:

Բացմանն ընդառաջ՝ ժյուրիի անդամներին իր աշխատավայրում ընդունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը: Մարզպետը նկատեց, որ այսօր Գյումրիի մասին խոսելիս ավելի ու ավելի շատ ենք ընդգծում վերածնունդ բառը, քանի որ քաղաքը շենանում ու վերականգնվում է, զարգանում: Քաղաքապետն էլ հիշեց, որ աղետի օրերին ճապոնացիները հայերին խորհուրդ էին տալիս ոչ թե վերականգնել, այլ նոր քաղաք կառուցել, քանի որ, ըստ իրենց, վերականգնումն անհնար էր:

Ժյուրիի անդամներից աշխարհահռչակ ջազմեն Սերգեյ Մանուկյանն առաջին անգամ չի, որ Հայաստանում է գտնվում: Այստեղ է եղել նաև երկրաժարժի 15-րդ տարելիցին:

«Իմ տպավորություններով՝ այս «Վերածնունդ»-ը հոգևոր կապ ունի նաև Գյումրիի հետ. անկախ դժվարություններից՝ այս քաղաքի մարդիկ անում են ամեն ինչ, որ իրենց քաղաքը վերածնվի, արարի ու լինի հետաքրքիր ու կարևոր իրադարձությունների կենտրոն: Անհրաժեշտ է, որ տարբեր երկրներից այցելուներ գան այստեղ ու տեսնեն, որ չնայած մեր երկրի դժվարություններին՝ կյանքն այստեղ հագեցած է. կա երաժշտություն, թատրոն, մարդիկ և՛ աշխատում են ու ապրում, և՛ հետաքրքրվում արվեստով: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և առիթի դեպքում սիրով այցելում եմ», – խոստովանեց նա:

Նկատառմանը՝ արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեսակետը, թե Հայաստանում ջազը զարգացած է, աշխարհահռչակ ջազմենը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ տեսնելով, թե ինչպե՞ս են հայերը մեքենաներ վարում, կարող է ասել՝ բոլորն են ջազմեններ.

«Ցանկացած առիթով ու ցանկացած վայրում հայերը սիրում են իմպրովիզներ անել»:

Ի տարբերություն Սերգեյ Մանուկյանի՝ Ղրղզստանի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Էլիս Շարշենբաևը և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսեյ Վասիլևը Հայաստան առաջին անգամ են այցելում, սակայն հրաշալի ճանաչում են հայ կոմպոզիտորներին, տպավորված են քաղաքով և հյուրընկալությամբ: Հայ ժողովուրդը երաժշտության բնագավառում շատ տաղանդավոր է: Ամբողջ աշխարհն է հպարտանում Արամ Խաչատրյանով, Բաբաջանյանով և այլ երաժիշտներով:

Կրասնոդարի Մշակույթի և արվեստի համալսարանի վոկալ բաժնի դեկան Նատալիա Կիրիչենկոն իր հիացմունքն ու ոգևորությունը հայտնեց ժամանակակից հայ երաժիշտների մասին, ընդգծելով, որ բոլորն էլ հրաշալի ձայն ու տեմբր ունեն:

Հյուրերից Ալեքսանդր Մոստիկանովն առաջին անգամ Հայաստան է այցելել ուղիղ 30 տարի առաջ՝ Երկրաշարժի օրերին:

«Այն ժամանակ ես երիտասարդ էի ու գեղեցիկ, հիմա միայն գեղեցիկ եմ: Մենք 3 երաժիշտներով էինք եկել, երկրաշարժի էպիկենտրոնում էինք ու սարսափելի էր նայել այդ ավերածություններին: Նման ողբերգություն տեսնող մարդիկ մնացել են բարի ու հյուրընկալ: Դա մայրական կաթի հետ է փոխանցվում: Հիշում եմ այդ օրերին Գյումրու եկեղեցին. այն ընդամենը մի քանի ճեղքվածք էր ստացել, այնինչ կողքին 5 հարկանի շենքեր էին փլուզվել», – մտաբերեց նա:

«Վերածնունդ» փառատոնի օրերին Ժյուրիի բոլոր անդամների ու նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում