Հայ-հոնկոնգյան կամավորական ճամբար՝ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

Հայ-հոնկոնգյան կամավորական ճամբար՝ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2018» ծրագրի շրջանակում, ապրիլի 2-6-ը հյուրընկալել էր հայ-հոնկոնգյան առաջին միջազգային կամավորական ճամբարի մասնակիցներին:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 12 կամավորներն այս տարի Հոնկոնգից են եղել, ևս 4-ը` Հայաստանից: Տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող 26-37 տարեկան երիտասարդների առաջին էքսկուրսիան անցկացվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Կամավորները նաև հուշարձանի տարածքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել: Նրանք Հայաստանում են «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության հրավերով /ղեկավար Ստեփան Ստեփանյան/:

«Հոնկոնգցի երիտասարդները հայկական մշակութային ժառանգության մասին արդեն իսկ ունեն վառ տպավորություններ: Նրանք եղել են «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանում, Գեղարդում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում։

Միջազգային կամավորական ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանի փոխանցմամբ բազմաթիվ միջոցառումներից մասնակիցներին տպավորել էին հատկապես հայկական և չինական խոհանոցների օրերը։

Նախ ճամաբարի հայ կամավորները հյուրերին ծանոթացրել են խաղողի տերևով պատրաստվող հայկական տոլմայի ու խորովածի գաղտնիքներին, ապա միասին պատրաստել ու համտեսել են ուտեստները:

Հայ կամավորներից հետ չեն մնացել նաև հոնկոնգցի երիտասարդները։ Նրանք պատմել են իրենց ազգային խոհանոցի մասին, ապա Հոնկոնգից բերած համեմունքներով «Կպչուն բրինձով սալյամի» և բրինձի ալյուրից պատրաստված գնդիկներով քաղցր արգանակ են եփել:

«Այսօր ամփոփել ենք ճամբարից ստացած տպավորությունները։ Հոնկոնգցի կամավորները, որոնց թվում նաև ճամբարի կազմակերպման գործում փորձ ունեցող երիտասարդներ կան վառ տպավորություններով են մեկնում մեր երկրից: Նրանք վստահեցրել են, որ հաջորդ անգամ Հայաստան կգան իրենց ընկերների հետ», -ասել է ճամբարի ղեկավար Լիլիթ Գևորգյանը։

Ճամբարի ավարտին «Պատրիմոնիտո 2018թ.» ծրագրի մասնակիցներին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՈՒՋ-ի անունից պատվոգրեր են հանձնվել»,- ասված է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում