Մկրտչյանական հայ դասական կինոն որբացավ

Մկրտչյանական հայ դասական կինոն որբացավ

Պատանեկության տարիների իմ պայծառ հիշողության մեջ մինչ օրս անջնջելի են մնացել մեր արվեստի ու գրականության մեծանուն գործիչների հետ հանդիպումները: Հիմա, տարիների հեռվից զգում եմ, որ նրանց հետ շփումներն էին, որ ժամանակի ընթացքում ինձ դարձրեցին մոլեռանդ արվեստասեր, իսկ նրանք ինձ համար դարձան պաշտամունքներ: …

Նախորդ դարի 70-ականների սկզբին Կիրովականի Հ. Աբելյանի անունը կրող պետական դրամատիկական թատրոն հաճախ էր հյուրախաղերի գալիս համաժողովրդական սեր ու հարգանք վայելող Մհեր Մկրտչյանը: Աբելյանցիների հետ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության մեջ նա էր մարմնավորում գլխավոր դերը: Յուրաքանչյուր ներկայացում սկսվում եւ ավարտվում էր բուռն օվացիաներով ու բրավոներով: Այդ ներկայացումները կիրովականցիների, մանավանդ մեզ՝ դրամատիկական ստուդիայի ուսանողներիս համար, վերածվում էին ցանկալի տոնի: Ես էլ, ոգեւորված, լուսանկարում էի ներկայացումների բազմաթիվ տեսարաններ, մեծ դժվարություններով երեւակում դրանք ու բաժանում ներկայացման մասնակիցներին: Եվ, իհարկե, նաեւ իմ կուռքին՝ Մհեր Մկրտչյանին: 1988 թ. Սպիտակի կործանարար երկրաշարժից փրկված մի քանի մասունքների հետ գտնվեցին նաեւ այդ լուսանկարներից շատերը..

Այն տարիներին էր, որ ծանոթացա նաեւ Մհեր Մկրտչյանի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հետ: Անկեղծ ասած, ինձ համար պարծանք էր անձնապես ծանոթ լինել հսկա տաղանդի տեր երկու մեծանուն եղբայրներին, ովքեր հայ եւ ռուսական թատերական ու կինոարվեստը լցրեցին հյութեղ, անսահման հետաքրքիր ու անզուգական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ դասական կատարումներով: Լցրեցին լեփ-լեցուն, անմնացորդ տալով սրտերի ու հոգիների մեջ ամբարված իրենց ի վերուստ տրված տաղանդաշատ արվեստի պայծառ ու բազմափայլ երանգները…

Երկու եղբայրներ… Նրանք, ովքեր «կռել են» հայ թատերական ու կինոարվեստի «կարծր մետաղներն» ու այն հասցրել վսեմ բարձունքների: Երկու եղբայրներ… Մեկը մյուսից բնատուր ինքնիշխան, մեկը մյուսից տաղանդավոր ու ինքնատիպ եւ, միասին՝ հանճարեղության դռները թակող… Մեկը դաժանորեն դժբախտ, մյուսն այդ դժբախտության ամենօրյա ականատեսն ու դրանց մասնիկները կրողը, անարցունք արտասվողը…

Եթե Մհերի հոգու ոլորաններում եղած տխրությունն ու ուրախությունը մեծ մասամբ իրենց արտահայտությունն էին գտնում նրա զարմանալիորեն գրավիչ դեմքին, ապա Ալբերտի մոտ կարծես ամեն ինչ խաղաղ էր ու հանդարտ: Սակայն նրա ծով մտքի մարգարիտները հատակում էին, խորը հատակում, որոնց որոնել ու գտնել էր պետք: Իսկ որոնել ու գտնել փոքրաթիվ մարդկանց կարող էր հաջողվել, այն էլ՝ ոչ ամբողջությամբ:

Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրան հանձնեցի Մհերի, մոտավորապես քառասուն տարիների վաղեմություն ունեցող, երկրաշարժից փրկված «կիրովականյան լուսանկարների» մի փաթեթ: Շա՜տ զարմացավ: Լուռ նայում էր: Մեկ լուսանկարներին, մեկ՝ ինձ: Ես էլ, ինչպես ասում են՝ քար կտրած իրեն էի նայում: Ո՞վ գիտի, նրա տաղանդաշատ աշխարհով ինչպիսի՞ փոթորիկներ եկան ու անցան… Նման պահերին, միշտ խորիմաստ ու մտազբաղ հայացքում ես նկատում էի նրա անզուսպ մղումը դեպի «անծայրածիր հեռուները»… Ըստ իս, աշխարհայինից երկնայինին հասու դառնալու տենչանքն էր, որ ծնվել ու ապրում էր Ալբերտ Մկրտչյանի հոգու էպիկենտրոնում եւ ուղեկցում նրան ամեն վայրկյան, ամեն քայլափոխի: …

Իսկ Ալբերտ Մկրտչյանին հանձնած այն լուսանկարները հիմա Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի թանգարանում կիրովականյան հյուրախաղերի լուռ վկաներն են… Մի հանդիպման ժամանակ էլ Ա. Մկրտչյանին խնդրեցի կարդալ ցեղասպանության թեմայով գրված «Քուրդ Հասոյի շունը» պատմվածքս: Կարդաց առանց վարանելու: Կարդաց ու հավանեց:

-Մինչ օրս ցեղասպանության մասին գրված գործերից տարբերվում է իր նոր ասելիքով, շան ու թորքի նուրբ համադրությամբ: Հիանալի է նկարագրված գործողությունների ընթացքը: Կինոսցենարի համար հետաքրքիր նյութ է: Քիչ ծախսատար ֆիլմ նկարելու համար էլ՝ շատ հարմար,- պատմվածքս գրասեղանի դարակի մեջ տեղավորելով՝ ասաց նա:

Թող մեղադրվեմ իմ անհամեստության համար, բայց այս գնահատականը կարծես ինձ յոթերորդ երկինք բարձրացրեց:

Հիմա, երբ չկա մեծ արվեստագետն ու հսկա տաղանդի տեր կինոբեմադրիչը, սիրտս ցավով ու ափսոսանքով է պատում, որ պատմվածքիս մասին արդեն իսկ ունեցած մտահղացումները տարավ իր հետ դեպի «վերին ոլորտները»…

…Մկրտչյան եղբայրների առասպելը հայկական արվեստի այն մնայուն արժեքներից է, որը գալիք սերունդներին հաղորդելու է մեր դասական մշակույթի անփոխարինելի մասունքների ավետաբեր փոթորկումները՝ իրենց խորիմաստ ու թախծոտ, երբեմն շարականների նմանվող խնկարկումներով: Մի՞թե այդպիսին չեն «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը» եւ այլ ֆիլմեր, որոնք հավերժորեն կպահպանեն իրենց թարմությունն ու պահանջվածությունը, իսկ երիտասարդ արվեստագետներին կծառայեն որպես «հաց հանապազօրյա»…

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում