Քաօրյա պատերազմը ևս մեկ լուրջ փորձություն էր հայ ժողովրդի և հայոց պետականության համար․ Ոստանիկ Մանուխյան

Քաօրյա պատերազմը ևս մեկ լուրջ փորձություն էր հայ ժողովրդի և հայոց պետականության համար․ Ոստանիկ Մանուխյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց անկատար երազանքներով ու մկրատված կյանքով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Կռիվ կտանք» խորագրով զոհված քաջազունների և Քառօրյա պատերազմի մասնակից մերօրյա հերոսների հիշատակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի անմիջական օժանդակությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, համալսարանի պրոռեկտորները, քառօրյա պատերազմի մասնակից պոլիտեխնիկցի ուսանողներ և դասախոսներ:

Այս միջոցառմամբ Պոլիտեխնիկական համալսարանը նպատակ ուներ մեկ անգամ ևս մեծարել Քառօրյա պատերազմի մասնակից ուսանող հերոսներին: Շարքային նորակոչիկ, թե գեներալ, բոլորը կրում են «հայոց զինվոր» կոչումը և արժանի են հարգանքի ու գնահատանքի: Այս առումով 85-ամյա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միշտ է աչքի ընկել: Արժանահիշատակ է 90-ականներին Պոլիտեխնիկում ձևավորված առաջին ուսանողական կամավորական ջոկատների դերակատարությունը Արցախյան գոյամարտում: Պոլիտեխնիկականում կարողանում են ուսուցումը զուգակցել հայրենասիրական դաստիարակությամբ՝ տալով հայոց բանակին արժանապատիվ զինվորներ և գեներալներ։

Հետևաբար այսօրինակ հանդիպումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են: Անպարտելի էին նաև Պոլիտեխնիկի այն 2 ուսանողները, ովքեր հայրենի հողի պաշտպանության անձնուրաց պայքարում իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակալություն հայտնելով դահլիճում ներկա Քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին և Ուսանողական խորհրդին՝ ասաց. «Հետահայաց նայելով մեր ողջ պատմությանը, վստահեցնում եմ ձեզ, որ Քառօրյա պատերազմը ևս մեկ լուրջ փորձություն էր հայ ժողովրդի և հայոց պետականության համար: Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ 18-20 տարեկան երիտասարդները, այդ թվում դահլիճում գտնվողներից շատերը, ովքեր օրեր առաջ էին թողել ուսանողական նստարանը, կարողացան դիմագրավել մեր ստոր հակառակորդի ուխտադրուժ հարձակմանը և պատվով կատարեցին իրենց սուրբ պարտականությունը:

Անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր՝ վերահաստատելով հզոր բանակի անսասանությունը: Այսօր ավելի, քան երբևէ կարևորվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը պետք է իրականացվի մեր կրթական հաստատություններում: Սա կարևոր է հատկապես Պոլիտեխնիկի համար, քանզի 1988-ին հենց այս ճեմասրահից առաջին կամավորական ջոկատներն են մեկնել պատերազմ»:

ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին: «Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երիտասարդությունը մշտապես կհամախմբվի և արյան գնով կպաշտպանի հայրենիքը, եթե դրա կարիքը լինի», -նշեց նա:

Միջոցառման ավարտին ռեկտոր Ո. Մարուխյանը ՀԱՊՀ շնորհակալագրերով պարգևատրեց Քառօրյա պատերազմի մասնակից պոլիտեխնիկցի ուսանողներին:

Նշենք, որ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում իրականացված բազմաթիվ ռազմահայրենասիրական միջոցառումներն ու ծրագրերը կամբողջացվեն ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում և ՀԱՊՀ Քոլեջում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներ Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անվան լսարանների բացմամբ:

ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում