Տավուշի Առաջնորդարանի հիմքը օրհնված է

Տավուշի Առաջնորդարանի հիմքը օրհնված է

Ապրիլի 8-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում յուրատեսակ տոնախմբություն էր: Մեծ հանդիսավորությամբ դրվեց Տավուշի թեմի առաջնորդարանի նոր կառուցվող շինության հիմնաքարը, որն էլ հանդիսանալու է Աստծո տաճարները միմյանց կապող հիմնական օղակը:

Ներկաները հուզմունքով և ոգևորությամբ իրենց բարեմաղթանքները հղեցին այդ կարևոր նախաձեռնության կապակցությամբ՝ ցանկանալով շինության հիմքին ամրություն ու անսասանություն: Միջոցառումն իր բնույթով յուրատեսակ էր՝ հագեցած անկեղծ բարեմաղթանքներով, պարուրված՝ ջերմագին օրհնանքներով:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայնտեց բոլոր ներկա գտնվողներին, ապա ներկայացրեց իր մոտեցումներն ու նկատառումները, թե ի՞նչ կոչել շինությունը. Այն դառնալու է առաջնորդարան, սոցիալ-կրթական, մշակութային և երիտասարդական կենտրոն:

Հիմնարկեքի արարողության նպատակով, Մայր Աթոռից ժամանել էր Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, ով իր օրհնությունը տվեց հիմնաքարին և իր ջերմագին ողջույնը հղեց ներկաներին:

Միջոցառմանը ներկա էին նաև ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը, Տավուշի փոխմարզպետ Լյովա Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից համայնքապետեր:
Կային հյուրեր նաև Երևանից, Էջմիածնից և Տավուշի տարբեր անկյուններից: Արարողությանը ներկա էր Տահույսի ողջ հոգևոր դասը:

Հավարտ արարողության տեղի ունեցած ընդունելության ընթացքում Սրբազանը վկայագրեր հանձնեց Տավուշի տարբեր շրջաններում խաչքավոր եղած անձանց և իր երախտագիտությունը հայտնեց յուրաքանչյուրին՝ այդ սուրբ գործը ստանձնելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՃՇ բաժնի ճարտարապետ Մարիամ Մովսեսյանը շինության նախագծող ճարտարապետն է:
Շինարարը՝ Միսակ Մելքումյանց:

Կառույցի իրականացման գործում իրենց ներդրումն ունեն եկեղեցուն մոտ կանգնած բարերար անհատներ, հասարակական և բարեգործական կազմակերպություններ, գործարարներ և այլ նվիրյալ մարդիկ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Հիմնական բարերարը Հակոբ Հակոբյանն է, ով ներկա էր հիմնօրհնեքի արարողությանը:

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում