Արարատյան թեմի երիտասարդներն այցելեցին ծննդատուն

Արարատյան թեմի երիտասարդներն այցելեցին ծննդատուն

Քրիստոնյան իր կյանքում ունենում է երկու ծնունդ՝ կենսաբանական, երբ ծնվում է մորից, և մկրտություն, երբ ծնվում է Մայր Եկեղեցուց։ Երկու մայր, ում համար յուրաքանչյուր երեխայի ծնունդ ավետիս է։

Ապրիլի 7 -ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ «Ս. Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնի ծննդատուն էին այցելել մի խումբ երիտասարդներ։

Թեմի երիտասարդների նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի շարունակ Ս․ Աստվածածնին նվիրված բոլոր տոներին այցելություններ են կատարվում ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:

Այս անգամ առիթը Ս. Աստվածածնի Ավետման տոնն էր։ Այցելուները ծննդատան նորածիններին և մայրության բերկրանքին սպասող կանանց մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ, թերթոններ և մանկական շապիկներ նվիրեցին:

Այցելության ընթացքում Տեր հայրը շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին տոնի առթիվ ու պատմեց օրվա խորհրդի մասին։

Հասմիկ Թամամյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում