Պետք չէ ամեն բան ձախողել՝ հուսահատվել. պետք է ընտրություն կատարել

Պետք չէ ամեն բան ձախողել՝ հուսահատվել. պետք է ընտրություն կատարել

Ամեն կողմից լսում ես, որ ամեն ինչ անիմաստ է, բայց երբ գործդ լավ ես անում, դա արդեն իմաստ ունի.

Ավելի կեղծ դիրքորոշում չկա, քան պայքարել, հասկանալ և շարունակել ողջ մնալ… Պետք չէ ամեն բան ձախողել՝ հուսահատվել… պետք է ընտրություն կատարել… Մեր ժամանակներում շատ մարդիկ մագլցում են խաչի վրա, որպեսզի ավելի բարձրից երևան, այդ ճանապարհին կոխկրտելով նույնիսկ նրան, ով այդքան երկար այդտեղ էր գտնվում:

Հավատացյալ մարդը ինձ համար այն մարդը չէ, ով ամեն օր եկեղեցի կմտնի, ծնկաչոք աղոթք կկարդա, մոմ կվառի, պատերը կհամբուրի ու մի քանի նախադասություն Աստվածաշնչից անգիր արած կդրոշմի, կտեղավորի ուղեղի ծալքերում ու դուրս կգա, այն համոզմամբ, որ Աստված ամենուր է և նրանք, ովքեր չեն հավատում, որ Աստված եղել է, կա, ուրեմն քրիստոնյա չեն կամ չեն հավատում Աստծո հրաշափառությանը…

Աղունիկներով հմայված եկեղեցի մտա, նստեցի իմ տեղն ու մտքով գնացի հասա վերածննդի ժամանակաշրջան, որտեղ ծնունդը՝ գիտակցաբար կամ միամտաբար ընկալվում էր սպասված ծնունդ… Այնուամենայնիվ այն ինչ կա, պետք է լինի, մինչդեռ Աստծո գործերը անքննելի են, եթե սիրում ես, հավատում կամ ատում, հետո մահանում դա չէր կապվում մարդու ճիշտ կամ սխալ ապրելուց, կամ մեղքերի շատ ու քիչ լինելուց:

Մեղքը ինչպես բարի գործը կամ մեծ ու փոքր չի լինում, ինչպես որ սպասումը, ապրելը, ընդմիջումը… ուստի վերածննդի ժամանակների մարդը ապրեց իր ստեղծած աշխարում, որտեղ վաղուց գոյություն ուներ մի անտեսանելի աչք՝ աշխարհ, ուր ամեն մեկս մեր հավասար ապրելու, հավարարության սկզբունքը չպետք է չարաշահեինք, որ հետագայում չհայտնվեինք դժոխքում: Աղավնիները թառել էին եկեղեցու գմբեթին ու վերևից ցած էին նայում: Մինչև ինքս ինձ կխոստովանեի, որ իմ դժգոհության պատճառը, ոչ այլ ինչ է, քան մեղքի իմ հասանելիք չափաբաժինը, աղավնիներից մեկը, ով ամբողջությամբ սպիտակ ու ոսկեկարմիր խաղիկներ ուներ փոքրիկ գլխի շրջանում, կանգնեց ձեռքիս: Անշարժ կանգնել էի, որ չթռչեր: Կամացուկ ձայներ էի հանում, ստանում էի պատասխան… հետո, հետո աղավնիները հավաքվեցին շուրջս: Անբացատրելի մի բան կատարվեց ես ապուշ էի կտրել, իսկ մտքումս բառ կար, որ դեռ դուրս չէր եկել ու չէր դարձել միտք…

«Ես վախենում եմ, որ մի օր կարթնանամ ու կկորցնեմ ծիծաղս… Այժմ մեղմ ժպտում եմ, այսինքն պատճառ ունեմ, բայց կան առավոտներ, որ քնից արթնանում եմ ու բնությունը ոռնում է խավարի մեջ, որ իմը չի, ոչ էլ որևէ մեկինը, ով կնայի վերև ու աչքով կտա երկնքում մի սպիտակ կետի, ում համար պատկերը միշտ տարբեր է լինում»: Նախորդ օրը պատկերը՝ մարդու դալուկ աչքերն էր, որ արթնացել էի, ինքս ինձ լռել ու բառը ներսում վիժել էր…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում