Սերգեյ Խաչատրյան․ Կռունկ

Սերգեյ Խաչատրյան․ Կռունկ

Սերգեյ Վլադիմիրի Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանու դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։

15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005 թվականին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջութակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։

Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։

2013/14 համերգաշրջանում ծրագրվում է Բերգի կոնցերտի կատարումը Դավիդ Աֆքհամի հետ։ Ծրագրվում են նաև համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։

Հանդես է գալիս քրոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուետ։ Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր։

Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում։

Հանդես է եկել նաև տրիոյի կազմում Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ։

Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները։

Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որի ընթացքում հանդես է գալիս հայրենիքում այլ հայազգի երաժիշտների հետ։

Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում