Աղքատն ու թուզը

Աղքատն ու թուզը

Մի աղքատ մարդ տեսնում է՝ բոլոր գյուղացիները նվերներով գնում են տանուտերի մոտ:

Էս աղքատ մարդը կնոջն ասում է. – Այ կին, դու էլ մի բան պատրաստիր, վերցնեմ, գնամ աղային տեսության:

Կինն ասում է. – Մի փոքր կողով ունենք, բեր դրանով մեկ սերկևիլ քաղեմ, տար:

– Չէ, այ կին, – ասում է մարդը, – սերկևիլ ունեցող շատ կա, թուզ քաղիր տանեմ:

Կինը գնում է ջոկովի թուզ քաղում, կողովը լցնում, տալիս մարդու շալակը, ուղարկում տանուտերի մոտ: Էս աղքատ մարդը գալիս է տանուտերի տուն, կողովով թուզը դնում տանուտերի առջև:

Տանուտերն ասում է.- Էդ ինչ է:

– Թուզ է, տանուտերը ողջ մնա, ասում է աղքատը, – նվեր եմ բերել:

Տանուտերը կողովի բերանը բացում է, տեսնում է ՝ հասած թուզ: Զայրանում է աղքատի վրա, կանչում է ծառաներին, հրամայում, որ աղքատի գլուխը սափրեն ու թուզը մեկ – մեկ գլխովը տան:

Ծառաներն այդպես էլ անում են:

Երբ կողովը դատարկվում է, աղքատը վեր է կենում, գլուխը սրբում, ասում.- Փառք քեզ Աստված:

Ծառաներից մեկն ասում է.- Ինչու ես փառք տալիս Աստծուն:

Աղքատն ասում է. – Փառք եմ տալիս, որովհետև փորձանքից եմ ազատվել, լավ էր ես անգամ կնոջս խոսքին ականջ չդրեցի. նա ասում էր՝ սերկևիլ տար, թե չէ թզի փոխարեն որ սերկևիլ բերած լինեի, իմ հալն ինչ կլիներ…

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում