Ես համառորեն չեմ ձերբազատվում անկումի ահից

Ես համառորեն չեմ ձերբազատվում անկումի ահից

Ես համառորեն չեմ ձերբազատվում անկումի ահից,-
Չէ՞, դիվահալած սանձում եմ նույնիսկ մրմունջը հոգուս,-
Իր եմ՝ իրեղեն, ուրիշ ոչ մի բան ոմանքի համար,
Հոգուս տքնանքը չի խրախուսում անգամ Եկվորին:

Դու ես, միայն Դու, Բյուրհազարաչյա Նախագետ իմ Տեր,
Որ երբեմնակի ցած ես շպրտում հայացքիդ հյուլեն,
Որ մենախավար իմ ոգորումին այցի ես բերում
Մեծ հիշողության , թեկուզ և չնչին, հատիկը լուսե,

Որի շոյանքով մխիթարության հայացքն է պարզվում,
Եվ հուսաբեկիս ներսը մխում է մարմանդ կրակով,
Եվ նախավերջին դուռը փոքր-ինչ շարժվում է տեղից
Եվ կանչում է ինձ, դույզն ինչ վհատ, բայց և քաջունակ:

Ու՞ր ես, հաճության Հավերժագորով աննվազական,
Քո սուր շեղբերով ճեղքիր խավարը աչքիս շղարշի,
Որ տեսնեմ Նրան, ում ցանկանում եմ յասպես փութաջան,
Որ լսեմ Նրան, ում փափագում եմ այսպես կորովի:

Եվ թող մաքրվեմ անորոշության սպանող ցավից,-
Երկնքից թափվող նեկտարով լցվի գավաթն իմ պարապ,-
Ի՜նչ ծաղիկներ են, որ օրորվում են լույսի թևերին,
Ի՜նչ հնչյուններ են, որ խոսք են բուրում ծաղկաթերթերով:

Օրորագիսակ շողում է նեկտար շաղաղ շոյանքով,-
Ծորում է բարակ – ծփուն շիկնանքի ժպիտով տարտամ,-
Ո՞վ է թաքնված այնտեղ – վերևում որպես մեկնություն,
Ո՞վ է շարունակ ժողովում գույներ որպես հավատամք:

Հիմա գիտեմ. Փորձությունն այս
պարգևել է Երկինքը ինձ,-
Որպես շնորհ բացառական,
Ինքնահերձման միջոց որպես,-
Հիմքից պիտի ինձ ավերեմ՝
Վերակերտեմ հիմքից նորից՝
Մինչև ճամփան Քո ցուցանած
Ինձ այցելի հեռուներից:

Կարմիր ու բորբ հեռուներից
Ինձ այցելի Ձեռքդ ճերմակ,-
Որ վանկարկող հնչյունների
դասը սերտեմ տասնապատիկ,-
Եվ հատուցեմ՝ իմ մեղքերի
չափ ու կշիռը ճանաչած,
Որ դեպի Քեզ ողջագուրեմ,
որ դեպի Քեզ անմեղանամ:

Եվ գույնզգույն ածանցների
գումարումով արմատանամ,-
Տարագրված հոգիս գտնի
բողբոջումներ վաղնջական,-
Ինձ հետ բերեմ խոսքը միայն –
բառի խորհուրդը դասական,
Որ դեպի Քեզ ընթանալիս՝
վերջին աղոթքով համենամ:

Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում