Հայ բալետմայստերի՝ կորեական արքայական ընտանիքի մասին բեմադրությունը կշրջի աշխարհով մեկ

Հայ բալետմայստերի՝ կորեական արքայական ընտանիքի մասին բեմադրությունը կշրջի աշխարհով մեկ

«Առավոտը» հյուրընկալել էր «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին : Առիթը բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կողմից Հարավային Կորեայում իրականացվող բեմադրությունն է: Բալետմայստերը ժամանակին մեզ հետ զրույցում (12.08.2017) ընդամենը տեղեկացրել էր այդ նախագծի մասին, նշելով, որ բեմադրությունն իրականացվելու է կորեական ազգային պարի, դասական, ժամանակակից ու մոդեռն բալետարվեստի համադրությամբ, 3D ձեւաչափով եւ այն պատրաստ կլինի 2018թ. ու կշրջի աշխարհով մեկ:

Մեր հարցերին ու հետաքրքրություններին ի պատասխան՝ Լիլիթ Պետրոսյանը նշեց, որ իր ղեկավարած հիմնադրամը այդ նախագծի գործընկերն է եւ վերջերս Ռուդոլֆ Խառատյանի հետ ինքը Հարավային Կորեայում էր: «Վերջին արքայադուստրը». այսպես է կոչվում ներկայացումը, որի սցենարը նույնպես մաեստրո Խառատյանինն է, երաժշտության հեղինակն էլ խորվաթ կոմպոզիտոր Վլադիմիր Բոդեգրադիկինն է: Այն աշխարհին կներկայացնի Կորեայի արքայական ընտանիքի պատմությունը, որի առանցքում արքայադուստր Դիոքին է: Փաստորեն, սա ազգային թեմա է, Կորեայի վերջին կայսրության՝ ճապոնացիների կողմից փլուզելու մասին, ինչը փրկելու համար արքայադստեր փորձերը ի չիք են դառնում…»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ բեմադրությունն արդեն պատրաստ է, իսկ ներկայացման համաշխարհային տուրնեն կմեկնարկի ամռանը՝ Բուդապեշտից եւ կշարունակվի մինչեւ 2020թ.:

Նախատեսված է նաեւ «Վերջին արքայադուստրը» 2019թ. ներկայացնել Հայաստանում: Երեւանում խառատյանական վերջին մեկ-երկու բեմադրություններում հրավիրված էին նաեւ արտասահմանցի արտիստներ, հետաքրքրվեցինք՝ իսկ այս ներկայացման մեջ կա՞ն Հայաստանից հրավիրվածներ: «Հիմնականում ընդգրկված են Կորեայի ազգային հայտնի պարի խմբի 30 արտիստներ եւ Վաշինգթոն ազգային բալետից հրավիրված են Սոնա Խառատյանն ու կուբացի Ջիան Կառլո Պերեսը»,- ասաց տիկին Պետրոսյանը:

Զրույցի ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց կորեացիների կողմից Ռուդոլֆ Խառատյանին հրավիրելու պատմությունը. «Երեւանի օպերային թատրոնում 2015թ. «Զույգ արեգակներ» բեմադրությանը Խառատյանը հրավիրել էր նաեւ արտասահմանցի բալետի արտիստների, ոլորտի այլ մասնագետների նույնպես: Նրանց թվում էին Շվեյցարիայի Արտմենեջմենթ գործակալության ներկայացուցիչներ: Երբ 2017թ. սկզբին կորեական կողմը՝ հանձին Gyeonggi Arts Center-ի ու նրա նախագահ միստր Չանգի, դիմել է շվեյցարացիներին՝ «Վերջին արքայադուստրը» բեմադրելու համար բալետմայստեր ընտրելու խնդրանքով, նրանք առաջարկել են Խառատյանին»:

«Բալետ 2021» հիմնադրամի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ իրենց գործունեության մասին, նշելով, որ մեզ հայտնի են հիմնադրամի եւ Խառատյանի համատեղ իրականացրած «Զույգ արեգակներ» եւ «Բոհեմ» ներկայացումները: «2012թ. հիմնադրամի ստեղծման առաջին նախագծերից էր ամերիկյան ճանաչված Bad boys խմբի երեւանյան ելույթը, որտեղ խումբը նույն երեկոյի ընթացքում համատեղ հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի հետ եւս: Բացի ներկայացումներից, իրականացրել ենք բեմադրություններ, իսկ մեր օպերային թատրոնի արտիստների մասնակցությամբ՝ նաեւ բալետի երեկոներ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում եւ այլն»,- փաստեց մեր զրուցակիցը: Մեր հյուրը առաջիկա ծրագրերի մասին հայտնեց, թե դարձյալ նախագծեր ունեն իրականացնելու Խառատյանի հետ:

«Բանակցություններ են ընթանում Լորիս Ճգնավորյանի եւ Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ՝ Երվանդ Երկանյանի երաժշտությամբ Չարենցի «Նավզիկե» պոեմը 2019թ.՝ թանգարանի հիմնադրման 55-ամյակի առիթով բեմադրելու համար: Ցանկություն կա այս աշնանը ֆրանկոֆոնիական միջոցառումների շրջանակներում բեմ հանել Խառատյանի սցենարով ու խորեոգրաֆիայով Միշել Լեգրանի երաժշտությամբ «Շերբուրգյան հովանոցները»,- առանց մանրամասնելու տեղեկացրեց մեր զրուցակիցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում