Գետի բերած խնձորի գինը

Գետի բերած խնձորի գինը

Մի ջահել տղա գնում է գետափ՝ լվացվելու, տեսնում է ՝ հրես գետը մի խնձոր է քշած բերում: Ձեռքը մեկնում է, խնձորը բռնում, ուտում: Ուտում պրծնում է, հետո մտածում. “Բա էս խնձորի գինը ես տվել եմ, որ կերա”: Գետն ի վեր գնում է, որ այգին գտնի, տիրոջը խնձորի գինը տա, ետ դառնա:

Շատ է գնում թե քիչ, հասնում է մի այգու, հենց գետի ափին: Մոտենում է այգու պահապանին, ասում է. – էս բաղից գետը մի խնձոր էր քշել բերել, բռնել եմ, կերել, գինն ինչ է, ասա տամ:

Այգու պահապանը թե, – Դա իմ բանը չէ, գնա բաղի տիրոջը հարցրու:

Էս տղան ման է գալիս՝ այգու տիրոջը գտնում է, ասում, – Բաղիցդ մի խնձոր է գետը բերել, ջրիցը հանել եմ, կերել, գինն ասա տամ:

Այգետերն էլ թե .- Ես էլ չեմ կարող ասել, էդ բաղը թագավորինն է, գնա նրանից հարցրու:

Սա գնում է թագավորին ասում: Թագավորը հարցնում է.- Ազապ ես, թե պսակված:

– Ազապ եմ, – ասում է տղան:

Թագավորն ասում է. – Մի աղջիկ ունեմ, համ քառ է, համ քոռ, համ էլ կոնդ: Եթե աղջկանս հետ կպսակվես, խնձորի գինը վեր կունեմ, թե չէ ՝քեզ լինի, հարկավոր չի:

Էս տղան չի կարենում մերժել , մտքումն ասում է. “Պսակվելու եմ, տեսնեմ սրա վերջն ինչ է լինելու”:

Պսակվում է, աղջիկը տանում տուն, տեսնում է՝ ոչ քառ է, ոչ քոռ, ոչ էլ կոնդ, մի շատ սիրուն աղջիկ է, ոնց որ հուրի – փերի լինի: Էս տղան զարմացած գալիս է թագավորին ասում. – Թագաղորն ապրած կենա, բա դու ասում էիր ՝աղջիկս համ քառ է, համ քոռ, համ էլ կոնդ, ոչ նա է, ոչ նա է, ոչ էլ նա:

Թագավորն ասում է. – Աղջիկս քոռ է, որովհետև դեռ դուրսը չի տեսել, քառ է, որովհետև ոչ մի վատ խոսք չի լսել, կոնդ է, որովհետև էս շեմքից ոտքը դուրս չի դրել: Որ դու էդքան հալալ կաթնակեր ես՝ դրա համար էլ աղջկաս քեզ եմ տալիս: Քո ասած խնձորի գինն էլ դա է:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում