Ծույլ մարդն ու կինը

Ծույլ մարդն ու կինը

Մարդ ու կին են լինում, երկուսն էլ շատ ծույլ: Նա սրան է ասում ՝ կովը ջուրը տար, սա նրան:

Համաձայնության չեն գալիս: Վերջը պայման են դնում՝ ով առաջինը խոսի՝ նա կովը տանի ջուրը:

Կինը գնում է հարևանի տուն , մարդը մնում է տանը մենակ:

Մեկ էլ մի անծանոթ մարդ է մտնում տուն, բարև տալիս: Սա ձեն չի հանում:

Ասում է.- Հիվանդ ես:

Չի խոսում:

– Աչքերդ չեն տեսնում:

Չի խոսում:

Ինչ անում է , չի անում՝ ձեն չի հանում:

Էս որ տեսնում է, էդ անծանոթ մարդը հավաքում է տան եղած – չեղածը, լցնում պարկը, շալակում դուրս գնում:

Մի քիչ հետո էլ կինը տուն է մտնում, տեսնում է ոչինչ չկա տանը, ամեն ինչ սրբած – տարած:

Զարմացած ասում է.- Այ տղա, էս մեր տան եղած – չեղածը ով է տարել:

Մարդն էն կողմից վեր է թռչում ուրախացած, ասում.- Դու առաջինը խոսեցիր, կովը դու պետք է տանես ջուրը:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում