Մեղուն ու մարդը

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է: – Ոչխարը:

– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակիցը չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս: – Շերամը որն է:

– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

– Հա , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ, որին անդադար կերակրում եք թթան տերևներով: – Նա ինքն է:

– Բայց գիտես, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ , պարոնս:

– Այո, այդ կողմից դու ուղիղ ես: Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում