Նրանք մեզ համար, մենք էլ ուրիշի

Նրանք մեզ համար, մենք էլ ուրիշի

Մի անգամ երեք երեխա ճանապարհին խաղալով գնում էին: Ճանապարհի եզրերին տանձի ու խնձորի ծառեր կային՝ մրգերով ծանրաբեռնված: Երեխաները բարձրանում են ծառերը, տանձ ու խնձոր քաղում, ուտում, գրպաններն ու ծոցերը լցնում, իջնելիս էլ ճյուղերը ջարդում, թափում գետնին:

– Մեր ծառը չի, անտեր – անտիրական է, – ասում են ու վազելով շարունակում իրենց ճանապարհը:

Մի քիչ որ անցնում են, մի անծանոթ ծերունի է պատահում: Ծերունին ձեռնափայտին հենվելով դիմում է երեխաներին:

– Այ որդիք, շատ եմ ծարավել, բերանս չորացել է, գուցե ջուր կունենաք, կամ աղբյուրի տեղը ցույց կտաք:

Երեխաներից մեկն ասում է.

– Նստիր հանգստացիր, պապիկ, – ու գրպանից մի կարմիր խնձոր է հանում տալիս ծերունուն, ասելով.

– Կեր պապիկ ծարավդ կանցնի:

Ծերունին խնձորն ուտում է ու ասում.

– Օրհնվի հիշատակդ, այ խնձորի ծառ տնկող.

– Հետո մատներով գետինը փորփրում է, թափված խնձորի կորիզները հողի տակ ծածկում:

Երեխաները հարցնում են պապիկ ինչ ես անում:

Ծերունին պատասխանում է.

– Որդիք ջան, ձեր տված խնձորը կերա, ծարավս անցավ, ծառ տնկողին էլ հիշեցի ու օրհնեցի: Հիմի էլ էս կորիզը ցանեմ, որ խնձորի ծառ դառնա, մի ծարաված մարդ էլ կգա խնձոր կքաղի, կուտի ու ինձ կհիշի:

Երեխաներից մեկը, թե.

– Պապիկ , ինչքան պիտի ապրես, որ ցանած սերմը ծառ դառնա ու դու տեսնես:

– Որդիս, – հանգիստ ու սիրալիր պատասխանում է ծերունին, – ծառ ու տունկը բարիք է, պետք է աճեցնել, բազմացնել, խնամել ու պահպանել. տես ուրիշները ծառ են տնկել՝ մենք միրգը վայելում ենք, մենք էլ տնկենք, որ ուրիշներն օգտվեն:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում