Պապիկի հեքիաթ կամ լաց ու խնդում

Պապիկի հեքիաթ կամ լաց ու խնդում

Մի աղքատ հալիվոր պապիկ է լինում: Իրիկվան դեմ դուրս է գալիս, գնում մի տան դուռը թակում, ասում. – Ձեր արևին մեռնեմ, էս գիշեր ինձ տեղ տվեք ձեր տանը:

Տնեցիք դուռը բացում են, պապիկին ներս առնում, տանում նստեցնում վերին թախտին: Պապիկը տեսնում է, որ տանեցիք բոլորը հաց են ուտում, իրեն ոչինչ չեն տալիս: Տանեցիք հացն ուտում, պրծնում են, ամանով կերակուրը դնում են թոնրի մեջ, պահում, ոսկի – արծաթը լցնում են սնդուկը, կողպում , ձիու քուռակն էլ կապում են գոմում, գալիս են ասում. – Պապիկ, պապիկ, մեզ հեքիաթ ասա:

Պապիկն էլ ասում է.

“Հեքիաթ, հեքիաթ , պապս է,

Նախշուն քուռակը տակս է,

Թոնրի միջինը փորս է,

Սնդուկինը տոպրակս է.

Իրիկվան՝ ծաղրս է,

Առավոտյան՝ լացս է”:

Պապիկն ասում է նրանք ծիծաղում են:

Առավոտյան վեր են կենում, տեսնում ՝ ինչ, իրենց տանը, ճշմարիտ որ բան չի մնացել, ոչ թոնրի միջի կերակուրը, ոչ սնդուկի ոսկի – արծաթը, ոչ էլ գոմի քուռակը:

Էս աղքատ պապիկը գիշերը վեր է կացել, տան եղած – չեղածը, ինչ որ կար, ամբողջը հավաքել, առել փախել – գնացել է:

Տանեցիք նստում մի կուշտ լաց են լինում, համա էլ ուր, պապիկը իր բեռը բարձել, գնացել էր ու դեռ գնում է մինչև հիմա:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում