Շոգ ու խաղաղ կեսօր

Շոգ ու խաղաղ կեսօր

Կեսօրվա շոգից էր երևի, որ հորթը շարունակ դեսուդեն էր վազում, ինքն էլ չիմանալով՝ ուր։ Կտրվել էր նախիրից, վազելու պահին տրտինգ էր տալիս, աշխարհով մեկ էր եղել, խենթացած վազում էր։ Փոքրիկ նախրորդը գիտեր, որ պետք էր հասնել ինքն իրենից խրտչող-փախչող հորթուկին, թե չէ գլուխը կորցրած հորթուկը կարող էր վազելով հասնել մինչև Շեփ ձորն ու վիշապների անունը կրող քարափից գլորվել անդունդը։

Կեսօրվա շոգից էր երևի, որ հորթը շարունակ դեսուդեն էր վազում, ինքն էլ չիմանալով՝ ուր։ Կտրվել էր նախիրից, վազելու պահին տրտինգ էր տալիս, աշխարհով մեկ էր եղել, խենթացած վազում էր։ Փոքրիկ նախրորդը գիտեր, որ պետք էր հասնել ինքն իրենից խրտչող-փախչող հորթուկին, թե չէ գլուխը կորցրած հորթուկը կարող էր վազելով հասնել մինչև Շեփ ձորն ու վիշապների անունը կրող քարափից գլորվել անդունդը։

Նման դեպքեր գյուղում, շոգ ամռանը, պատահել էին։ Հայրը չէր էլ ուզում տղային իր հետ տանել։ Երբ վաղորդայնին հայրը վերցրեց հովվական գավազանը և դուրս եկավ փողոց, տղան կազմ ու պատրաստ ցցվեց նրա դիմաց.

– Պա,՛- ասաց,– ինձ էլ տար քեզ հետ։ Հիշո՞ւմ ես, խոստացել ես ամառային արձակուրդներին ինձ էլ մի օր տանել։ Հայրը քմծիծաղեց, երբ տղայի ձեռքին տեսավ ուռենու բարալիկ ճիպոտը։

– Խե ղճ գայլեր, որ մահակդ տեսնեն, սարսափահար կլինեն։ Շատ շոգ է լինելու էսօր, տղաս, թող մնա մի ուրիշ անգամ։

– Չէ’,- կտրուկ ու վճռական ասաց տղան,- կգամ։

Հայրը մի պահ խոժոռեց հոնքերը, բայց մի լուսավոր ժպիտ անմիջապես երևաց դեմքին։

– Դե լավ, տղաս, արի։ Կեսօրին քեզ կթողնեմ մակաղած նախրի մոտ, ես կգնամ սղոցարան՝ մի քանի գերան կա քաշելու։ Եվ հիմա տղան, բարալիկ ճիպոտն օդում թափահարելով, գոռգոռալով վազում էր ձորափով, որ կտրի հորթուկի ճանապարհը։ Վազելու պահին տղաս մեկ-մեկ կանգնում էր, արագ, շատ արագ կռանում էր, պատահած փոքր ու մեծ քարը վերցնում և շպրտում՝ ոչ քարն էր տեղ հասնում, ոչ էլ տղան ուժ ուներ հեռուն նետելու։ Քրտինքի մեջ կորել Էր փոքրիկ նախրորդը։ Ճիպոտը, ֆըռթ, գցեց մի կողմ, թավշե թաց, շագանակագույն վերնաշապիկը, որ մեծ եղբորից էր իրեն, մնացել մի տեսակ ճնշում Էր։ Ընդամենը երկու կոճակ էր մնացել վրան։ Նա երկու ձեռքով քաշեց ճոթերից, ու կուրծքը բացվեց։ Մերկ մարմնի վրա քամի խաղաց, դրանից նա ուժ առավ։ Վերջապես փոքրիկ նախրորդը հասավ վիշապների քարափին և շնչասպառ կանգնեց։ Հևում էր, հևում, բայց հաղթանակած զինվորիկի տեսք ուներ։ Հորթուկն էլ շնչակտուր հասավ վիշապների քարափին ու վախվորած կանգնեց տղայի դիմաց։ Հորթուկի դունչը փրփել էր՝ փնչում էր, փնչում։

– Հո՛, հո՛, հո՛,– հազիվ գոռաց տղան ու շարունակեց հևքը։ Հորթուկը ներողամիտ հայացքը փախցրեց փոքրիկ նախրորդից, խոնարհեց ծաղիկ գլուխը, հետո դանդաղ թեքվեց:

– Մո՜ւ,- մի մոլոր մնչոց լսվեց մակաղանոցի մոտից։ Հորթուկը ծույլ-ծույլ քայլեց նախրի ուղղությամբ, տղան՝ հետևից: Ամառվա շոգ կեսօրը վերջանում էր։ Թեթև հով էր խաղում օդում։ Հովն արթնացել էր, ու մակաղած նախրի մեջ խլրտուն էր ընկել։ Կանաչ դաշտը կանչում էր նրանց։ Փոքրիկ նախրորդը հասավ աղբյուրին, ուր բետոնե երկարուկ գուռերն էին ու մինչև ուսերը գլուխը սուզեց ջրի մեջ։ Քիչ անց հայրը եկավ՝ բարակ, անուշ մի մեղեդի սուլելով։

– Ուշացա, տղա’ս,- ասաց,- գերանը քաշեցի, Վաղիկի բեռնատարը պատահեց, ասացի տախտակներն էլ տանեմ տուն, նոր գամ։ Տղան պառկել-հենվել էր հսկա, լացող ուռենու բնին։

– Կուտ ու մածուն էր սարքել մայրդ, կերա, քեզ էլ բերեցի։ Կեր, որ զովանաս։

Փոքրիկ նախրորդի աչքերը բաց էին, բայց այդ պահին նա կարծես հեքիաթի հերոս լիներ, իսկ հայրը՝ հրաշագործդ հեքիաթասաց:

Ահա տեսեք, թե ինչպես երեք խնձոր թև առան նախրապան հոր ծոցի մեջ, թպրտացին ու թռան երկինք։ Մեկը արևին, որ մեր աշխարհի սիրտը ջերմացնի։ Մեկը ամպերին, որ մեր աշխարհի սիրտր հովացնի։ Մեկն էլ հենց իրեն՝ երկնքին ի պահ, որ երեխաների մաքուր, պայծառ աչքերում խաղաղ կեսօր լինի…

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում