Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի

Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի

Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը:

Ինչպես Մեծ պահքի կիրակիներն իրենց կարգն ունեին, այդպես էլ Հինանց կիրակիները:

Աշխարհամատրան կիրակին տոնն է Ընդհանրական Եկեղեցու, քանզի այս կիրակի օրը հիմնարկվեց, հաստատվեց ու տարածվեց Քրիստոսի Եկեղեցին ողջ աշխարհում:

Սա տոնն է աշխարհի Եկեղեցու և ոչ թե աշխարհի եկեղեցիների, քանզի Եկեղեցին մեկ է՝ թեև բազում մասերի բաժանված լինի, ինչի մասին ասում է Սողոմոնը. «Թող վաթսուն թագուհի և ութսուն հարճ լինեն, թող ազնիվ օրիորդներ ունենա արքան, մինչդեռ մե՜կն է իմ աղավնին, իմ կատարյալը» (Երգ Զ 7-8):

Այսօր նաև Եկեղեցու նավակատիքն է, որն ավելի պայծառ է, քան Եկեղեցու մյուս նավակատիքները, քանզի սա անմիջապես հաջորդում է Նոր կիրակիին, որում մեր Տերը նորոգեց Եկեղեցին, քանզի նավակատիքը տաճարի նորոգման տոնահանդեսն է:

Եկեղեցին լինելով մեկ՝ խորհրդով երկու մաս ունի՝ հին ու նոր: Հինը ձևավորվել է Դրախտում՝ վերցվելով Ադամի կողից, և աճել մինչև Քրիստոս, իսկ Նորը շինվեց Գողգոթայի վրա՝ Քրիստոսի կողից, և աճելու է մինչև աշխարհի վախճանը: Ինչպես Հին եկեղեցին Ադամի զորությամբ էր, այդպես էլ Նորը՝ Քրիստոսի: Հին եկեղեցու մասին ասված է. «Աներևույթ էր ու անպատրաստ» (Ծննդ. Ա 2), իսկ Նորի համար ասված է. «Աստված ասաց Լույս լինի և եղավ» (Ծննդ. Ա 3): Հնում եկեղեցին անտեսանելի էր ու զուրկ գեղեցկությունից և միայն Հրեաստանում էր երևելի, իսկ Նորը Սուրբ Հոգու իջմամբ գեղեցկացավ, Քրիստոսի հավատով լուսավորվեց և եղավ երևելի բոլոր ազգերի մեջ:

Եկեղեցին, հնի ու նորի բաժանվելով, չի կորցնում իր միությունը, քանզի Հին եկեղեցում կատարվող կարգերը ստվերներն էին Նոր եկեղեցու կարգերի՝ ըստ այս խոսքի. «Արդարև, Օրենքը հանդերձյալ բարիքների ստվերն էր, և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1): Անմահ Գառան մորթվելով՝ ստվերական օրենքներն ինքըստինքյան վերացան, ինչպես արեգակի ծագումով չքանում են ստվերները:

Եկեղեցին նաև նյութական բաժանումներ ունի, որոնց մեջ առաջինը կոչվում է Աշխարհամատրան, այսինքն՝ մայր բոլոր եկեղեցիների, և կարգված է բոլոր հավատացյալների համար: Ժամանակային առումով առաջինը կառուցվել է Սուրբ Էջմիածինը՝ Տրդատ արքայի կողմից, ապա Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ Հեղինե թագուհու կողմից: Այնուհետև Կոստանդիանոս կայսրը Հռոմում կառուցում է Սուրբ Պետրոս եկեղեցին: Չնայած որ Սուրբ Հարության տաճարն առաջինը չի կառուցվել, սակայն Խաչյալի զորությամբ այն գերազանց է մյուս եկեղեցիներից: Քանի որ Սողոմոնի տաճարի փոխարեն կառուցվեց, ինչպես և Սիոնը՝ Սինա լեռան փոխարեն եղավ: Եվ որ ավելի կարևոր է, կառուցվել է Գողգոթայի վրա և սրբվել Տիրոջ Արյամբ: Սա ևս կոչվում է Աշխարհամատուռ, ինչպես Նոյյան տապանը, քանի որ այն ընդհանուր է բոլոր քրիստոնյաների համար:

Երուսաղեմի տաճարը կառուցելուց հետո հայրապետները հաստատեցին Կաթողիկե Եկեղեցու տոները՝ մեկն այս գարնանային ժամանակներում և մեկն էլ՝ աշնանը:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում