USD
EUR
RUB

Ապրիլյան պատերազմը՝ հարսանիքով, առանց կրակոցների․ Գյումրու թատրոնի նոր ներկայացումը

 
 

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի ապրիլյան պատերազմին նվիրված նոր ներկայացումը, որի վրա աշխատել են ուղիղ մեկ տարի ու պայմանականորեն վերնագրել են «Հարսանիք թիկունքում»։

Ներկայացման բեմադրիչը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է։

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկում են մի շարք վերնագրեր, սակայն հակված են այս վերնագրին։ Ըստ նրա, հարսանիք ասելով՝ խոսելու են ոչ միայն տղայի ու աղջկա ամուսնության, այլ հարսանիք երևույթի՝ ուրախության, տոնակատարության մասին։ «Մենք այն թիկունքն ենք պատերազմի ժամանակ, որ կարող են ուրախություն ու տոնակատարություն ունենալ, կարողանում ենք լինել հաղթող, և մեր թիկունքում երբեք չկա լաց ու կոծ։ Աստված մի արասցե, եթե մենք զոհեր ենք ունենում, մենք պատվով ենք տանում, և մեր մայրերն ասում են՝ մեր որդին զոհվեց հանուն հայրենիքի։ Հարսանիք արտահայտությունը թիկունքի, հպարտ, տանող, ուրախ, բազմացող խորհուրդն ունի իր մեջ։ Ես չեմ կարծում, որ այս 25 տարիների ընթացքում մի օր եղել է, որ դադարել ենք թիկունք լինելուց․ մենք 25 տարի պատերազմի մեջ ենք, որոշակի տեմպերով ակտիվացել է, երբեմն՝ պասիվացել, բայց միշտ թիկունք ենք՝ ամեն պահի պատրաստ գնալու առաջ»,-ասում է մեր զրուցակիցը։

Տիգրան Վիրաբյանի ներկայացմամբ, փորձել են պահել պրոֆեսիոնալ թատրոնի բոլոր տարրերը․ թատրոնն ապրիլյան պատերազմի թեմայով պիես է պատվիրել, ներկայացման համար գրվել է հատուկ պիես դրամատուրգ Անահիտ Աղասարյանի կողմից, հատուկ երաժշտություն, որի հեղինակը կոմպոզիտոր Հայկոն է, ձևավորումն արվել է Գարեգին Եվանգուլյանի կողմից, զգեստների ձևավորման հեղինակն էլ Լուսինե Խաչատրյանն է։ Ըստ Տիգրան Վիրաբյանի, բոլոր դերակատարների համար հատուկ զգեստներ են կարվել, թատրոնի գրեթե ողջ ստեղծագործական խումբն ընդգրկված է ներկայացման մեջ, այն հարուստ է մասսայական տեսարաններով։

Թատրոնի տնօրենի ասելով, բավական մեծ ծախս է արվել ներկայացման վրա, այն վերջին տարիների ամենաթանկ ներկայացումներից մեկն է։

«Այս ներկայացումը, ըստ իս, արցախյան պատերազմական շրջանի լավագույն աշխատանքներից մեկն է, որը ներկայացնում է ոչ թե բուն պատերազմի գործողություններ, այլ ներկայացնում է թիկունք։ Թիկունքը նույնպես շատ կարևոր է պատերազմի ժամանակ, և մենք քառօրյայի օրերին տեսանք, թե նման դեպքերում ինչպես ենք մենք միախմբվում և դառնում շատ ամուր թիկունք առաջնագծին։ Ներկայացման ընդհանուր սյուժետային գծով չկա ոչ մի կրակոց, չկա ոչ մի պայթյուն, բայց թիկունքում մենք զգում ենք այդ վառոդի հոտը։ Եվ այս տան մեջ, որտեղ ապրում են այս մարդիկ, կարողանում են իրենց էներգիան ու էմոցիաները հասցնել դահլիճ։ Սա պատերազմող երկրի մի փոքրիկ քաղաքի մի տան պատմություն է»։

Տիգրան Վիրաբյանի ասելով, թատրոնը չի կարող անմասն մնալ իր քաղաքացու ռազմահայրենասիրական դաստիարակությունից, Գյումրու թատրոն տարեկան մտնում են 40-50 հազար հանդիսատես։ «Այդ մարդկանց բերել թատրոն և չխոսել ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, ուղղակի անմտություն է։ Մենք ունենք նաև պատանի հանդիսատես, շատ կարևոր է՝ փոքր տարիքից, որ մտնում են թատրոն, ստանան հստակ տեղեկություն, մենք մեր ոխերիմ «բարեկամների» պես ատելություն չենք սերմանում, մենք այդ ազգը չենք։ Ես երեկ համացանցում տեսա՝ դրոշ շպրտենք գետնին և ոտքերով ման գանք, մենք պարտվածի կոմպլեքս չունենք, մենք հաղթող երկիր ենք, և ատելություն սերմանելու խնդիր չունենք, բայց ունենք ճշմարտությունը տեղ հասցնելու խնդիր, ունենք մեր տղերքի մասին հստակ տեղեկություն տալու խնդիր։ Տղերքը, որ հերոսացան, մեզանից մեկն էին, սովորական տղերք էին՝ Կյաժը, Արմենակը, մյուսները․․․ Դու չգիտես, Աստված մի արասցե դահլիճում նստածներից ո՞ր մեկը կարող է ցանկացած պահի հերոս դառնալ, մենք ուղղակի ուզում ենք ճշմարտությունը տալ։ Այն իրավիճակն է, երբ ասում ենք՝ դուք մեր մասին սուտը մի ասեք, մենք ձեր մասին ճշմարտությունը չենք ասի։ Լրիվ այդ իրավիճակում ենք հայտնվել, մենք եթե միայն ճշմարիտ տեղեկություն տանք, դա արդեն բավական է»։

Տիգրան Վիրաբյանը պատմեց, որ ստեղծագործական պրոցեսի ընթացքում ինքը և Լյուդվիգ Հարությունյանը հանդիպել են Արցախի մշակույթի նախարարի հետ ընթրիքի սեղանի շուրջ, որտեղ հավաքված են եղել պատերազմի անմիջական մասնակից մարդիկ։ Այդ հանդիպումը շատ է օգնել ավելի խորքային դարձնել ներկայացումը։ Արցախյան հյուրախաղերից հետո Լյուդվիգ Հարությունյանը մի շարք շտկումներ, ավելացումներ է արել ներկայացման մեջ։ «Վառոդի հոտն ավելի մոտեցրեցինք հանդիսատեսին, մենք մի քանի ժամվա ընթացքում շփվեցինք մարդկանց հետ, որոնք թոհուբոհի միջով անմիջական անցած մարդիկ են։ Չի լինում մի հատ փորձ, որից հետո 10-15 րոպե պետք չլինի դերասաններին հետ գալու համար»։ «Հետ գալը» ճիշտ եմ ասում, որովհետև թեման շատ ծանր է, բայց նաև այնքան ուրախության նոտա, այնքան դրական էմոցիաներ կան այդ ամենի մեջ․․․ Ես մի բան եմ ուզում, որ այս պիեսը մենք միշտ խաղանք Գյումրիում։ Աստված մի արասցե, եթե կարիք լինի այդպես խաղանք նաև առաջնագծում, գիտեք մենք դրան էլ ենք պատրաստ, բայց Աստված տա մենք դրա առիթը չունենանք»,-ասում է Տիգրան Վիրաբյանը։

Ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանն էլ մեզ պատմեց, որ ապրիլյան պատերազմի մասին բեմադրություն ունենալու գաղափարը ծնվել է մի ռեպորտաժից։ «Երբ ռեպորտաժը տեսանք, որոշեցինք, որ մենք էլ պարտադիր պիտի անդրադառնանք, պիտի ծնվի մի պիես, որը պիտի լինի թիկունքի պատմություն․ ոչ թե մարտի դաշտ ենք ներկայացնում, այլ թիկունք։ Հերոսներ են այն տղաները, որոնք զոհվել են, բայց ոչ պակաս հերոսներ են այն մարդիկ, որոնք սպասել են այդ մարդկանց, մարդիկ, որոնք ճանապարհել են։ Թիկունքում էլ մարդիկ կան, որոնց հերոսներ ենք համարում մենք։ Որոշեցինք վերցնել մի պատմություն, առաջնայինը պետք է լիներ այն, որ ներկայացման մեջ չենք ողբում, այլ հպարտանում ենք, չենք սգում, այլ ուրախանում ենք մեր հզորությամբ, մեր միասնությամբ, մեր ուժեղությամբ։ Այսինքն` իր մեջ ավելի շատ հայրենասիրական շունչ կա ու զարմանալիորեն այդ հայրենասիրությունը պիտի չվերարտադրվեր միայն մարտի դաշտում, այլ նաև թիկունքում»։

Բեմադրիչն ասաց, որ ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, փորձել են ինչքան հնարավոր է լինել անկեղծ։

«Այս բեմադրության ժամանակ մի մեծ թիմ է աշխատում և՛ դրամատուրգը, և՛ երաժիշտը և՛ ստեղծագործող դերասանները՝ թատրոնի ողջ կոլեկտիվը, և՛ ես, և՛ նկարիչը։․․․ Նրանք այս ներկայացմանը մի տեսակ ավելի ակնածանքով են վերաբերում։ Զգուշությամբ դու պիտի բեմադրես, պիտի կարողանաս այնպես անել, որ չկպնես հանդիսատեսի զգացմունքային լարերին ու կարողանաս նուրբ լինել, որպեսզի ևս մեկ անգամ չստիպենք մարդկանց վերապրել այդ ամենը, իսկ եթե վերապրում էլ են, այդ վերապրումը պետք է լինի ոգեշնչման վերապրում։ Առաջնայինը դա եմ համարում։

Առաջին գործողությունը շատ ուրախ, թեթև, նույնիսկ ասեմ՝ գնում է տրագիկոմեդիա ժանրի մեջ․ մի ընտանիքի պատմություն է, որտեղ հարսանիք պիտի կայանա, քանի որ ունենք ապրիլի 2, ինչ-որ բանով խաթարվում է, չեմ ուզի շատ մանրամասնեմ հիմա։ Որպես ռեժիսոր՝ իմ համար կա մի գերխնդիր․ այն հերոսները, որոնք զոհվել են, իրենք զոհվել են հանուն մեր վաղվա օրվան, 18-19-20 տարեկան տղաները, բոլորը զոհվել են, որ մենք կարողանանք ապրել, գոյատևել ու ճիշտ ապրել ու չկոտրվել։ Հայրենասիրական շունչ կա ներկայացման մեջ։ Երբ խոսում ենք պատերազմից, միշտ տղամարդիկ են խոսում ու տղամարդկային է դիտարկվում, բայց պատերազմը սեռ չունի, պատերազմում են նաև կանայք։ Ես՝ որպես բեմադրող ռեժիսոր, շեշտը դրել եմ թիկունքում գտնվող մայրերի, քույրերի, ընկերուհիների վրա, իգական սեռի ներկայացուցիչները, մեր մայրերն էլ պակաս հերոսներ չեն։ Ասեմ, որ պիեսում խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք մենք այսօր ունենք, թե ինչու է այդպես։

Մի կարևոր բան կա, մեր ազգը կարող է միասնական չլինել և խնդիրներ ունենալ, արտագաղթել, բայց կարևորագույն պահին մենք միավորվում ենք, բոլորս միասին ենք ու այդ ժամանակ մոռանում ենք մեր խնդիրները, դա էլ երևի մեր գենից է գալիս»։

Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ 12-13 ներկայացում է բեմադրել, բայց այս մեկն իր կյանքի ամենապատասխանատու ներկայացումն է։ Ըստ նրա, պատասխանատվությունն այնքան մեծ է, որ նույնիսկ ճիշտ վերնագիր չեն գտնում, ուզում են, որ վերնագիրն էլ լինի անկեղծ, ազնիվ ու ճիշտ։

«Ես պիտի կարողանամ ճիշտ ներկայացնել մեր հերոսներին ու մյուս՝ ոչ պակաս հերոսներին, որոնք ճանապարհել ու սպասում են»,-ասում է ռեժիսորը։

Պրեմիերան տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին, այժմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ նկարահանում են տեսահոլովակ՝ Հայկոյի և Գյումրու դրամատիկական թատրոնի անձնակազմի մասնակցությամբ։ Տեսահոլովակը պատրաստ կլինի մայիսի սկզբին։

Ներկայացումը բեմադրվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լրահոս
Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը
website by Sargssyan