Հայաստանի միակ «Ոսկե դիմակ»-ակիրը՝ Լիպարիտ Ավետիսյան

Հայաստանի միակ «Ոսկե դիմակ»-ակիրը՝ Լիպարիտ Ավետիսյան

«Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխությունը, որ հիմնվել է 1993թ., մինչ օրս ունի մեկ հայ մրցանակակիր՝ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյան, որը 2017թ. ներկայացված 13 օպերային բեմադրությունների թվում հաղթող ճանաչվեց «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում՝ Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում Մասսնեի «Մանոն» օպերայում (ռեժիսոր՝ Անդրեյս Ժագարս) դե Գրիեի դերակատարման համար:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ այս օրերին Ազգային օպերային թատրոնում ընթանում են «Մանոն» օպերայի փորձերը հենց մաեստրո Ժագարսի մասնակցությամբ եւ բեմադրության հանձնումն էլ նախատեսված է օրերս: Մեզ հասած տեղեկություններով՝ հիշյալ օպերան Կոնստանտին Օրբելյանը Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից բառացիորեն նույնությամբ տեղափոխել է Երեւան (նույն հագուստներն են, նույն դեկորները եւ այլն)՝ նկատի ունենալով առաջին հերթին Լիպարիտ Ավետիսյանի բարձրարվեստ կատարումը: Այս առիթով մեզ հետ հանդիպման ժամանակ երգիչն ընդամենն ասաց. «Ոսկե դիմակից» հետո մաեստրոն հավանաբար որոշել է, որ այս օպերան ներկայացնի նաեւ հայաստանցի հանդիսատեսին»:

Լիպարիտ Ավետիսյանի հաջողակ կարիերայի մասին (առաջին անգամ Երեւանում թատրոնի բեմ է բարձրացել 2013թ., իսկ նրա արտասահմանյան շրջագայությունները սկսվել են 2015-ից) մասնագետների շրջանում խոսակցությունները հաճախ վերածվում են բանավեճերի, մի մասը գտնում է, որ դա արդյունք է երկու իմպրեսարիոների հետ համագործակցության (երգչի իմպրեսարիոներն են աշխարհում ճանաչված Ալան Գրինը, իսկ Հայաստանում՝ Արման Պադարյանը), մյուս մասն էլ փաստում է, որ տենորն օժտված է հրաշալի ձայնով եւ ցանկացած դերում հանդես է բերում նույնչափ արտիստիզմ: Մենք հակված ենք դեպի երկրորդ կարծիքը: Ավելին, տենորը շատ կարճ ժամանակում ոչ միայն ճանաչվեց, այլեւ սիրվեց: (Ի դեպ, ունենք իսկապես բարձրակարգ ու բարձրարվեստ երգիչներ, որոնք ընդամենը ճանաչված են): Եվ սա այն դեպքում, երբ Երեւանում նրան հանդիպել ենք ընդամենը 4 օպերաներում՝ Տիգրանյանի «Անուշ», Վերդի՝ «Տրավիատա», Ռախմանինով՝ «Ալեկո», Բիզե՝ «Կարմեն»: Փոխարենը բազմիցս հրավիրված է եղել տարբեր երգչախմբերի կողմից՝ հանդես գալու Մոցարտի, Վերդիի ռեքվիեմներում, Բախի Մագնիֆիկատում եւ այլ մեծակտավ երկերում:

Լիպարիտ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ ոչ թե հագեցած, այլ գերխիտ է արտասահմանյան հյուրախաղերի գրաֆիկը, ներկայացնել իր դեբյուտը հեղինակավոր օպերային թատրոններում 2017թ. ընթացքում: Մեր զրուցակիցը սկսեց համբերատար թվարկել 2017թ. հունվարից իր դեբյուտները: Դրանք սկսվել են Քովեն Գարդենից՝ Ալֆրեդի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», այնուհետեւ նույն դերերգը Սիդնեյի օպերային թատրոնում, ճանաչված սոպրանո Էմմա Մաթյուի ընկերակցությամբ, հետո Մոսկվայի Մեծ թատրոն… Թվարկեց նաեւ նոր դերերգերը, օրինակ՝ Քովեն Գարդենում Նեմորինո՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» ներկայացման պրեմիերային: Այստեղ խաղընկերուհին էր աշխարհահռչակ սոպրանո Փրիթի Յանդեն, դիրիժորը՝ Բեռնարդ Դե Բիլը: Ընդ որում, այս պրեմիերայից հետո Նեմորինոյի դերերգով հայ երգչից հետո հանդես է եկել Ռոբերտո Ալանիան: Նոր դերերգերից էր նաեւ Ստանիսլավսկի Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնում կերտած Արքայազնը՝ Պրոկոֆեւի «Սեր դեպի երեք նարինջ» օպերայում:

Արտասահմանյան որոշ թատրոններ հայ տենորին հրավիրել են նաեւ ընթացիկ թատերաշրջանի բացմանը, օրինակ՝ Դրեզդենի «Զենբեր- օպերան», որտեղ կայացել է նրա դեբյուտը, խաղընկերն էլ սոպրանո Եկատերինա Բոկանովան էր, առաջին անգամ բեմ է բարձրացել նաեւ Համբուրգի եւ Բեռլինի թատրոններում: Ընդ որում՝ վերջինում 2017թ. դեկտեմբերի 29-ին եւ 31-ին (Պուչինի՝ «Բոհեմ»), ապա Ֆրանկֆուրտի թատրոնում՝ դարձյալ Ամանորի շեմին: Ռեպլիկին՝ գուցե այս տարուն էլ հրաժեշտ կտա արտերկրի որեւէ թատրոնում հանդես գալով, երգիչը ժպտալով ասաց, թե դա կարծես իր մոտ տրադիցիա է դարձել, իսկ 2018-ին հրաժեշտ կտա գերմանական Քոմիշ- օպերայում:

Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞ նման գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում վտանգել առողջությունը, էլ չխոսենք ձայնի մասին, նաեւ ցանկացանք իմանալ այդ առիթով իր կնոջ՝ օպերային երգչուհի Ալինա Փահլեւանյանի կարծիքը: Արվեստագետն ասաց. «Մենք երկուսս նույն դասախոսի մոտ ենք սովորել՝ երջանկահիշատակ Ռաֆայել Հակոբյանցի: Կինս նրա առաջին ուսանողներից էր, հետագայում ասիստենտը: Եվ Ալինան տարիների փորձ ունի մանկավարժության ոլորտում, ղեկավարել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժինը:

Այո, Հակոբյանցից հետո ականջալուր եմ լինում կնոջս յուրաքանչյուր խորհրդին: Ասեմ նաեւ, որ հաճախ Ալինան ներկա է գտնվում տարբեր թատրոններում իմ բեմելներին… Պետք է լսես խորհուրդները, իսկ դրանք կարեւոր ու անկարեւոր չեն լինում, որպեսզի պահես բարձր նշաձողը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում