Հայաստանցի կինոռեժիսորի ֆիլմը Նյու Յորքում արժանացել է գլխավոր մրցանակի

Հայաստանցի կինոռեժիսորի ֆիլմը Նյու Յորքում արժանացել է գլխավոր մրցանակի

Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմն ԱՄՆ-ում անցկացված միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:

«Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ կինոռեժիսոր, կինոռեժիսորների գիլդիայի անդամ Դավիթ Սաֆարյանին, Նյու Յորքում կայացած միջազգային կինոփառատոնում (Socially Relevant Film Festival NY) «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի համար գլխավոր մրցանակի (Gran prix) արժանանալու կապակցությամբ:

Շնորհավորում ենք նաև նույն ֆիլմում «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած դերասանուհի Յանա Դրուզին»,-նշում են միությունից:

Ֆիլմը պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Ռեժիսորն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարել էր՝ ֆիլմի հիմնական իմաստն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, մարդուն շատ դժվար է իր մարդկային դեմքը պահպանել:

Panorama.am-ն ավելի վաղ գրել էր, որ ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը: Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:

Դավիթ Սաֆարյան (ծն. 1952) 1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1972-78 թթ. հեռուստաթատրոնի դերասան է եղել, ապա վավերագրական ֆիլմերի ստուդիայում աշխատել որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր: 1983-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1991-ին Դավիթ Սաֆարյանը Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում իր կինոնկարների հատուկ ցուցադրություն է ունեցել և 1991-ից այդ ֆիլմադարանի գլխավոր ժողովի անդամ է: 1995-2001 թթ. ORB/SFB/RBB գերմանական հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմաշար է ստեղծել հայ մշակույթի և պատմության մասին:

1996-ին Ֆրանսիական ֆիլմադարանի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 1999-ին Բեռլինում կայացել է նրա ֆիլմերի ընտրանու մեկշաբաթյա ցուցադրություն: 2001-02 թթ. Դավիթ Սաֆարյանը հրավիրվել է դասավանդելու Քասելի համալսարանի (Գերմանիա) կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2002-ին հիմնել է Studio DS կինոարտադրության և արվեստի զարգացման հիմնադրամը:

2003-07 թթ. եղել է Քասելի համալսարանի պրոֆեսոր, կինոյի և հեռուստատեսության բաժնի համաղեկավար: 2001-ից հեղինակում է «Ականավոր դեմքեր. 20-րդ դարը և դարերի փոփոխությունը» դիմաշարը՝ օգտագործելով բացառիկ վավերագրական կադրեր Մարսել Մարսոյի, Հովաննես Պողոս 2-րդի, Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում