Խորամանկ քահանան

Խորամանկ քահանան

Պատահում է, շատ անգամ մարդիկ իրար հետ համաձյն չեն լինում, տարբեր կարծիքներ են լինում: Դրա համար էլ հաճախ դժվար է լինում կատարել նրանց բոլորի ցանկությունները:

Պատահում է, շատ անգամ մարդիկ իրար հետ համաձյն չեն լինում, տարբեր կարծիքներ են լինում: Դրա համար էլ հաճախ դժվար է լինում կատարել նրանց բոլորի ցանկությունները:

Ժամանակով Ֆրանսիայի գյուղերից մեկում մի քահանա էր ապրում: Քահանան այնքան ճարպիկ ու խորամանկ էր, որ բոլորին խաբում էր, բայց այնպես էր խաբում, որ ոչ մեկը գլխի չէր ընկնում: Հա, հա, մի զարմացեք, այդպես էլ է պատահում:

Մի օր քահանայի մոտ են գալիս գյուղացիներն ու ասում են.

– Բարև, տեր հայր:

– Աստծու բարին, – պատասխանում է քահանան, – ասեք տեսնեմ, ի՞նչ եք ուզում:

– Տեր հայր, – ասում են գյուղացիները, – երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Խնդրում ենք մի ճար անես, մի քիչ անձրև գա, բերքն ափսոս է, կփչանա:

– Կանեմ, զավակներս, – պատասխանում է քահանան: – Ձեր ուզածը հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը աղոթեմ, էն օրն էլ անձրև կգա: Բայց տեսեք ձեզ ինչ եմ ասում: Հարկավոր է, որ գյուղում բոլորը համաձայն լինեն, որ անձրև գա: Էսօր կիրակի է, իմ աղոթքի օրն է: Պատարագի վերջում ես կխոսեմ ժողովրդի հետ, եթե մի մարդու պես համաձայն լինեն, որ անձրև գա, ուրեմն՝ կգա:

– Տեր հայր, մենք շնորհակալ կլինենք:

– Ինչե՜ր եք ասում, բա ամո՞թ չէ: Զավակներս, իմ գործը ձեզ օգնելն է, հանգիստ գնացեք:

Գյուղացիներն ուրախ-ուրախ հեռանում են: Կիրակի օրվա պատարագը որ վերջանում է, քահանան դիմում է եկեղեցում հավաքված մարդկանց.

– Ժողովուրդ, քիչ առաջ ինձ մոտ էին եկել մի քանի գյուղացի և բողոքում էին, որ երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Ասում էին՝ մեղք ենք, աստծուն ասա, թող մի քիչ անձրև տա, բերքը ափսոս է, չփչանա: Դա ինձ համար հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը աղոթեմ, էն օրն էլ անձրև կգա: Բայց դրա համար հարկավոր է, որ բոլորը մի մարդու պես կանգնեն ու ինձ խնդրեն, որ այսինչ կամ այնինչ օրը անձրև լինի: Հիմա ձեզ եմ հարցնում, ուզո՞ւմ եք, որ այսօր անձրև գա:

– Չէ՜, տեր հայր, այսօր չենք ուզում: Այսօր կիրակի է, որոշել ենք մի քիչ ման գալ, ուրախանալ, – վրա են բերում գյուղի ջահելները:

– Լավ, որ էդպես է, – շարունակում է քահանան, – ուրեմն կաղոթեմ, որ անձրևը էգուց գա:

Մի քանի կին դժգոհում են.

– Չէ՜, տեր հայր, մենք էլ էգուց չենք ուզում: Լվացք ենք անելու, մինչև լվացքը չչորանա, մեզ անձրև հարկավոր չէ:

– Շատ լավ, – ասում է քահանան, – որ էգուց չեք ուզում, աղոթեմ, թող երեքշաբթի անձրև գա:

– Չէ՜, տեր հայր, երեքշաբթի հարմար չէ, որոշել ենք տոնավաճառ գնալ, – ասում են գյուղի աղջիկները:

– Լավ, որ երեքշաբթի հարմար չէ, չորեքշաբթի օրվա վրա կաղոթեմ, ասում է քահանան:

– Չէ՜, տեր հայր, չորեքշաբթի չի լինի: Չորեքշաբթի որոշել ենք խոտ հնձել, ասում են հնձվորները:

– Լավ, – պատասխանում է քահանան, – խոտհունձն էլ է կարևոր գործ: Ուրեմն, հինգշաբթի օրը կաղոթեմ:

– Չէ՜, տեր հայր, հինգշաբթի չենք ուզում, – դժգոհում են գյուղի երեխաները: – Հինգշաբթի օրը դպրոցը փակ է, ուզում ենք դաշտում մի քիչ վազվզել:

– Ախր ես ո՞նց մերժեմ երեխաներին, ասում է քահանան: – Լավ, եթե հնգշաբթի էլ չի լինում, ուրբաթ օրվա համար կթողնեմ:

– Չէ՜, տեր հայր, – բողոքում են կղմինդրագործները, – ուրբաթ օրն էլ մենք ենք զբաղված: Կղմինդրը սարքել ենք, դրել արևին, դրել արևին, որ չորանա: Մինչև ուրբաթ հազիվ չորանա: Էդ մի օրն էլ մեզ բաշխեք:

– Զավակներս, ի՞նչ ասում, մնաց շաբաթ օրը, – ասում է քահանան:

– Էդ մեկը չեղավ, տեր հայր, – բողոքում է գյուղի քյոխվեն: – Շաբաթ ճրը ես գյուղերն եմ ման գալիս, շաբաթ չի լինի:

– Դե որ շաբաթ էլ չեք ուզում, – ասում է խորամանկ քահանան, – ուրեմն, էլ օր չմնաց:

Ես ձեզ ասի, չէ՞, որ իմ իմացած աղոթքը օգնում է միայն այն ժամանակ, երբ բոլորդ միասին, մի մարդու պես ինձ ասեք, որ անձրև եք ուզում: Ուրեմն, գնացեք, իրար հետ լեզու գտեք: Եվ քանի դեռ դուք մի կարծիքի չեք, թող առայժմ աստված ինքը որոշի, թե որ օրը անձրև լինի, որ օրը՝ արև:

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում