Ռոպիքե

Ռոպիքե

Կար-չկար, մի կին կար: Էս կինը մի քիչ թել ուներ ու ուզում էր թելը տանել ջուլհակի մոտ, որ ջուլհակն իր համար մի կտավ գործի: Նա արդեն պատրաստվում էր տնից դուրս գալ, երբ հանկարծ ներս է մտնում մի սատանա և ասում.

– Բարև՜, սիրելի տանտիրուհի:

-Ողջու՜յն, պարոն:

– Եթե դուք կարողանաք գուշակել իմ անունը, – շարունակում է սատանան, – ես ձրի կտավ կգործեմ ձեզ համար:

– Համաձայն եմ, ասում է կինը: – Ձեր անունը երևի Ժան է:

– Սխալվում եք, սիրելիս:

– Գուցե Կլո՞դ է:

– Ոչ:

– Ուրեմն Ֆրանսուա է:

– Ոչ, սիրելիս, ոչ էլ Ֆրանսուա է: Չգուշակեցիք: Բայց, իմացած եղեք, եթե կարողանաք գուշակել՝ ձեզ համար ձրի կտավ կգործեմ:

Կինն սկսում է իրար հետևից ասել իր բոլոր անունները, բայց սատանայի անունը չի գտնում: Սատանան ասում է.

– Ես ուզում եմ գնալ: Տվեք ձեր թելը, ես կտավ կգործեմ ու երկու ժամ հետո կբերեմ: Եթե այդ ընթացքում դուք չկարողանաք գտնել իմ անունը, կտավը իմը կլինի:

Սատանայի հեռանալուց հետո կինը գնում է անտառ՝ ցախ բերելու: Նա կանգնում է մի հսկայական կաղնու տակ ու սկսում է չորացած ճյուղեր հավաքել: Հենց այդ ծառի վրա նստած է լինում սատանան, որն իր ճտերի օգնությամբ կտավ է գործում:

Սատանան գործում էր ու քթի տակ երգում.

– Տիկի-տեկե, տիկի-տեկե,

Ինձ կոչում են Ռոպիքե:

Թե անունս իմանար այդ կինը բարի,

Նա երբեք, երբեք, երբեք չէր տխրի:

Կինը գլուխը վեր է բարձրացնում ու անմիջապես ճանաչում է սատանային:

Նա իր կոշիկի վրա գրում է այդ անունը, որ չմոռանա և տունդարձի ճանապարհին մտքում շարունակ կրկնում է. “Ռոպիքե, Ռոպիքե”:

Տուն է մտնում թե չէ՝ նրա հետևից հայտնվում է նաև սատանան:

– Կտավը բերել եմ, – ասում է սատանան, – իսկ դուք պետք է ասեք իմ անունը:

– Ձեր անունը Էժեն է:

Սխալվում եք, սիրելիս:

– Գուցե Էմի՞լ է:

– Նորից եք սխալվում, սիրելիս:

– Այդ դեպքում ձեր անունը Ռոպիքե է:

– Օ՜յ, օ՜յ, – ճչում է սատանան, – եթե դուք ծառի տակ չլինեիք, երբեք չէիք գուշակի իմ անունը:

Սատանան դուրս է թռչում տնից և, զարհուրելի ձայներ արձակելով ու ճանապարհի ծառերը արմատախիլ անելով, գլխապատառ վազում է, մտնում անտառ:

Ես այդ պահին նստած էի հենց այն կաղնու վրա և հազիվ հասցրի թռչել հարևան ծառին, այնտեղից էլ ցած իջա ու վազելով հասա մեր տուն:

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում