Երազանքով ապրող ոզնին

Երազանքով ապրող ոզնին

Լինում է մի ոզնի:Նա շատ էր սիրում երազել: Գիշերները, նա իր սուր-սուր փշերի տակից դուրս էր հանում պսպղուն քթիկը ու հոտոտում էր շուրջը:Լուսնի շողերը այնպես էին դուր եկել նրան, որ ոզնին որոշել էր ունենալ մեջքին` փշերին առած:Ինչքան էր չարչարվել` ասեղների կծիկ դարձած գլորվելով լուսնի շողերի վրայով: Բայց մեկ է,նրանք փշերին չէին կպչում: Իսկ ոզնին ոնց էր երազում ունենալ այդ լուսե ասեղները:

Նա ամեն գիշեր դուրս էր գալիս իր բնից ,հավատալով, որ մի օր իրականություն կդառնա իր երազանքըը: Գիշերները այնքան շատ ման եկավ ու երազեց, որ նրա համար սովորական բան դարձավ ցերեկային քունը: Նա որոշել էր, որ միայն լուսնի շողերի վրա պիտի գլորվի: Բայց այ քեզ բան,լուսնի շողերն ընկնում էին հատապտուղների վրա, տերևների վրա, ծառից ընկած պտուղների վրա: Սա ինչ հրաշք էր: Ոզնին գլորվելով տերևների վրայով, հատապտուղների վրայով, սնկերի վրայով` հավաքում էր մեջքի սուր-սուր փշերի վրա…Ու հետո այս ամենը իր բույնը տանելով` մի լավ ճաշում էր:

Գիշերները` մեկ -մեկ էլ նա մկներ էր բռնում, սովորության համաձայն: Երազանքով չեն կշտանում, բայց ոզնին իր երազանքի արծաթե ասեղներն ունենալու ցանկությունից չէր հրաժարվում: Նրա փշերը նույնիսկ տեղ տեղ բաց երանգ էին ստացել: Նա ամեն գիշեր ուզում էր իրականություն դարձնել իր երազանքը և գլորվում էր լուսնի շողերի ետևից:Իսկ արդյունքում` ոզնին պաշար էր հավաքում: Եվ ինքն էր կշտանում, և իր ձագերն էին կուշտ լինում: Նրան ոչ ոք չէր արգելում երազել, իսկ նա էլ ապրում էր իր երազանքով…

Հասմիկ Աջամյան
Աղբյուր՝ heqiat.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում