Սերգեյ Սմբատյան. Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բովանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով

Սերգեյ Սմբատյան. Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բովանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բովանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ` հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- նախօրեին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցամամբ՝ Սերգեյ Սմբատյանը շեշտել է, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։

Ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում