Հայ ջութակահարուհու հերթական նվաճումը

Հայ ջութակահարուհու հերթական նվաճումը

Վերջերս Պրահայում կայացավ «Պրահյան աստղաբույլ» մրցույթ-փառատոնը, որտեղ առաջին տեղը նվաճեց մեր տաղանդավոր հայրենակցուհին՝ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը։ Մրցույթ-փառատոնը բաղկացած էր երկու փուլից. մարտի 26-ին Պրահայի մեծ ֆիլհարմոնիայի դահլիճում կայացավ առաջին փուլը, որտեղ ջութակահարուհին կատարեց Սեն-Սանսի «Հավանես» կոչվող պարը եւ Արամ Խաչատրյանի «Երգ պոեմը»։

Դահլիճը հոտնկայս ծափահարում էր, ժյուրիի 6 անդամները գոչում էին «բիս», որով նրանք ցանկանում էին լսել Լուսինեի նվագը։ Եվ վերջինս էլ կատարեց իր հեղինակային ստեղծագործություններից՝ «Հեղափոխություն 2008» եւ «Սարսափ շաբաթ օրը»։

Իսկ մարտի 27-ին տեղի ունեցավ երկրորդ փուլը, որտեղ Լուսինեն արդեն նվաճեց ժյուրիի անդամների սիրտը՝ կատարելով Բախի եւ Ջոն Վիլիամսի ստեղծագործությունները։ Նույն օրը երեկոյան կայացավ եզրափակիչ համերգը, որը բաղկացած էր երկու մասից.

առաջին մասում հաղթողների ելույթներն էին, իսկ փոքր ինչ ուշ սկսվեց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Եզրափակիչ համերգին Լուսինեն կատարեց Կոմիտասի «Կռունկ»-ը եւ Անտոնիո Դվորժակի «Ֆանտազիա»-ն։ Հանդիսատեսի աչքերից արցունքներ էին հոսում, Լուսինեի հուզական նվագը չէր կարող անտարբեր թողնել ոչ ոքի։

Ելույթից անմիջապես հետո ժյուրիի ղեկավար, անվանի ջութակահար Թոմաս Բերգերը մոտեցավ եւ չեխական բարբառով բացականչեց՝ «Вы порвали весь зал»։

Պարգեւատրման ժամանակ բոլորը լարված սպասում էին, թե ով է լինելու այս մրցույթում հաղթողը, եւ ամենավերջում բեմ հրավիրեցին Լուսինեին իր դաշնակահարուհու՝ Բելլա Օսիպովայի ուղեկցությամբ, Թոմաս Բերգերը հանձնեց առաջին տեղի դիպլոմը, ոսկե մեդալը եւ գավաթը։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր հիացմունքով եւ բացականչում՝ կեցցես:

Այժմ Լուսինեն պատրաստվում է սեպտեմբերի 20-30-ը Ավստրիայում կայանալիք Ֆրից Կրեյսլերի անվան ջութակահարների 7-րդ միջազգային մրցույթին։ Հարցազրույցի ժամանակ Լուսինեն նշեց, որ ամեն վայրկյան մտածում է իր երազանքների մասին՝ իր նվագով նվաճել բոլոր մայրցամաքները, շուտափույթ վերականգնել տեսողությունը, եւ մշտապես լինել երջանիկ՝ իր սիրած էակի հետ։ Վերջում նա ցանկացավ հայտնել իր երախտիքի խոսքը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ ցուցաբերած աջակցության համար։

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում