Անբաժան է քեզնից

Անբաժան է քեզնից

Անբաժան է քեզնից քո թովչանքը,
Ինչպես գույնը՝ ծաղկից,
Ինչպես պայծառությունն արեգակից,
Ինչպես անրջանքը
Պատանեկան թովիչ այն հասակից,
Որից ես դուրս եկել
Ու դեռ դուրս չեմ եկել։

Անբաժան է քեզնից բարությունը,
Ինչպես կրկին քեզնից մայրությունը,
Որի դուռն ես եկել
Ու դեռ ներս չես եկել։

Անբաժան է քեզնից և երջանկությունը,
Որով լեփ-լեցուն են իմ սիրտն ու իմ տունը,
Որոնց դուռն ես եկել
Ու դեռ ներս չես եկել։

Ես կուզեի քեզնից – սա՜ է իմ տենչանքը –
Միշտ անբաժան լինել՝ ինչպես գույնը ծաղկից,
Ինչպես պայծառությունն արեգակից,
Ինչպես անրջանքը
Պատանեկան թովիչ այն հասակից,
Որից դուրս եմ եկել,
Չէ՜ – տեսնում ես ինքըդ –
Որ դեռ դուրս չեմ եկել…

15.VIII.1953թ. Նավչալու
Պարույր ՍԵՎԱԿ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում