Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է․ «Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև:

Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման»։

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված զորակից լինի ՀՀ վարչապետին և շնորհի նրան նոր ձեռքբերումներ իր գործունեության ճանապարհին։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում