Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիին։ Նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Գիա Կանչելիին նվիրված համերգով։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ես շատ շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, այսօրվա համերգի մենակատարներին, հիանալի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին»,- նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Գիա Կանչելին։

Համերգին նախորդած մամուլի ասուլիսում մաեստրո Կանչելին նշել է, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հերթական համագործակցության համար՝ ավելացնելով, որ հայոց հողում նա գրել է իր 6 սիմֆոնիաները, իսկ անցած տարի Երևանում անցկացվել է իրեն նվիրված փառատոն։

Վրացի կոմպոզիտորի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են իտալացի ջութակահար Անդրեա Կորտեսին և վրացի ալտահար Գեորգի Զագարելին։

«Երաժշտությունն ինքնին կյանքն է» խորագրով համերգի ծրագրում ընդգրկված են եղել Կանչելիի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «Նամակներ՝ ընկերներին», «Chiaroscuro»։

Հիշեցնենք, որ այս օրերին Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում