Լորկայի վերջին խոսքը դահիճներին

Լորկայի վերջին խոսքը դահիճներին

Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ,
Ոչ էլ, Իսպանիա, քո ճառն ու Հիմնը,
Հրաժարվու՜մ եմ ես քեզ Մայր կոչել.
Թե դու բռնության հոմանուհի՜ն ես…

Հրաժարվո՜ւմ եմ Կայսրին մատուցել,
Այն, ինչ Երկնքինն ու Աստծունն է.-
Գերադասում եմ անդարձ մոռացվել,
Քան լինել հանճար, որ … ձեռնասո՜ւն է…

Հրաժարվու՜մ եմ նվեր ընդունել,-
Նենգ Դանայացու նվերն ամոթ է.
Հրաժարվու՜մ եմ ուժի դեմ լռել.-
Թե դուք` Ֆռանկո,
Ես` Դոն Կիխո՜տն եմ:

Հրաժարվու՜մ եմ Ձեզ հետ լուրջ վիճել,
Թե Ձեր կռվանքը քենն ու նախանձն է.
Հրաժարվու՜մ եմ ոհմակով շրջել,-
Ես գայլ չե՜մ ծնվել,
Մարդը` միշտ ա՜նձ է:

Հրաժարվու՜մ եմ գրել ու խոսել`
Բառից քամե՜լ են ճշմարտությունը.
Հրաժարվու՜մ եմ Ձեր խոսքը լսել`
Ձեզ լսելն անգամ… մեղսակցությու՜ն է:

Հրաժարվու՜մ եմ Ձեր դեմ մարտնչել,-
ՄԻ զենք կա միայն`
Այն էլ կեղտո՜տ է.
Հրաժարվու՜մ եմ մինչև իսկ.. շնչել`
Թունավորվա՜ծ է մեր շնչած օդը…

Հրաժարվու՜մ եմ այն ժամանակից,
Որ թացը չորից անզո՜ր է զատել,
Հրաժարվու՜մ եմ իմ միակ կյանքից,
ԹԵ… ապրելու՜ են ինձ դատապարտել…

Օ՜, բռնակալներ, ինչքա՜ն եք սիրում
Դուք բաստեղծին, երբ նա… աճյու՜ն է…
Ես վերջակետ եմ այս կյանքին դնում,
Որ չտեսնե՜մ իմ փառքի… աճո`ւրդը:

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում