Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում

2018 թվականի ապրիլի 19-ին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին քրիտոնեական սիրով իր գիրկն էր առել Լատինական-Կաթոլիկ, Ավետարանական-լութերական, Ավետարանական-Մկրտական և ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցիների հավատացյալներին իրենց առաջնորդների և երգչախմբերի հետ: Բազմամարդ էր եկեղեցին, հավատացյալների նկատելի աշխույժ իրարանցումով և բարեսիրտ ժպիտներով:

Եկեղեցու ներսում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Լատինա-Կաթոլիկ Կովկասյան Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մալխազ եպիսկոպոս Սոնղոլաշվիլին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, կրոնական այլ կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ:

Երեկոյին ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ դեսպանության դիվանագետների ընկերակցությամբ:
Վրաստանում գործող քրիստոնեական միջեկեղեցական խորհրդի 2018 թվականի նախագահող Վիրահայոց թեմի առաջնորդի առաջարկությամբ և նախաձեռնությամբ, երկար տարիների դադարից հետո Վրաստանում վերականգնվեց հոգևոր երգի էկումենիկ երեկո անցկացնելու ավանդույթը և որոշվեց այն ամեն տարի Սուրբ Հարության տոնից հետո վերստին իրականացնել խորհրդի անդամ տարբեր եկեղեցիներում:

Հոգևոր երգի էկումենիկ անդրանիկ համերգը կայացավ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում «Սիրեցեք միմյանց» (Հովհ. 13.34) խորագրով: Երեկոն դարձավ բարության, սիրո, ներողամտության և համբերության կոչ՝ ընդդեմ բռնության և ատելության:

Միջոցառումը մեկնարկեց ներկաների կողմից իրենց մայրենի լեզուներով Տերունական աղոթքով, որից հետո երեկոյի կազմակերպիչներ և վարողներ Միքայել Ավագյանը և Նինա Սերոպովան վրացերեն և անգլերեն ներկայացրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի ողջույնի խոսքը՝ ուղղված ներկաներին: Թեմակալ առաջնորդն իր ուղերձում անդրադարձ կատարեց 103 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իր բնօրրանում ապրող հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, որի շարունակությունը դարձան հրեաների, եզդիների դեմ և Ռուանդայում իրականացված ոճրագործությունները: Ահա նման էկումենիկ միջոցառումները տարբեր լեզուներով հնչող շարականների, մեղեդիների և տաղերի միջոցով մարդկանց պետք է ներշնչեն բարություն, աշխարհը դարձնեն առավել գեղեցիկ ու բազմազան- հնչեց Թեմակալ առաջնորդի խոսքում:

Համերգը բացեց Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու «Քորալի» երգչախումբը, Մերաբ Վարդոսանիձեի և Մակա Մազմիշվիլիի գլխավորությամբ: Այնուհետև հնչեցին շարականներ ու տաղեր, ինչպես նաև աղոթակիր-աղերս մեղեդիներ Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու «Գլորիա» երգչախմբի (խմբավար Նատալյա Չագանավա), ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու (խմբավար Իլոնա Բիլյանովա) Վրաստանի կաթոլիկ եկեղեցու (Կարինա Օսիպովա) երգչախմբերիկատարմամբ:

Հյուրընկալ Վիրահայոց թեմը ներկայացրեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը Լուիզա Վարդանյանի ղեկավարությամբ և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ: Հովնաթանյանների որմնանկարներով զարդարված հինավուրց եկեղեցու Աստվածավայել գեղեցկությանը ներդաշնակվեցին Քրիստոսի լեզվով՝ արամերենով,նաև հայերեն, վրացերեն, իտալերեն, եբրայերեն, գերմաներեն լեզուներով հուզական, հոգեթով և հմայիչ շարականները, դառնալով խաղաղության ու սիրո աղոթք առ Աստված:

Երեկոն եզրափակվեց գերաշնորհ եպիսկոպոսների օրհնության և գնահատանքի խոսքով, միանշանակ ընդգծելով, որ հոգևոր երգը, էկումենիկ աղոթքը Աստծու հետ խոսքի միակ լեզուն է:

Հուզառատ համերգից իրենց տպավորությունները ներկաները կիսեցին եկեղեցու բակում կազմակերպված թեյով հյուրասիրության սեղանի շուրջ:

Աղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում