Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից

Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից

1947թ. վարդագույն տուֆի հայրենիք Արթիկում ծնվեց Երվանդ Բիչախչյանը, որը պետք է հետագայում հայտնի նկարիչ դառնար: Մեզ հետ զրույցում ասում է, որ դեռեւս փոքր հասակից նկարելու հանդեպ սեր է ունեցել: Նկարում էր ամեն ինչ. ծառ, տերեւ, տուն, ֆիզիկայի գրքից` բոլոր գիտնականներին, հետո նաեւ` դերասաններին: Այնուհետեւ սովորել է խառատի մասնագիտությունը եւ իր նկարելու տաղանդի շնորհիվ, կարողացավ աշխատել Արթիկի գործարանում` զարգացնելով նկարչի իր ընդունակությունները: Հետագայում նա մասնագիտական հաստատությունում ձեռք է բերել նկարչի մասնագիտություն: Սկզբում Երվանդ Բիչախչյանը գծագրություն առարկայից ստանալով անբավարար եւ չընդունվելով ինստիտուտ, վերադարձավ տուն ու զորակոչվեց բանակ: Այնտեղ էլ, սակայն, նա շարունակեց զբաղվել նկարչությամբ եւ բոլորին հիացնել իր շնորհով:

Ծառայությունից հետո նա կրկին փորձեց իր ուժերը եւ ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Գերազանցության դիպլոմով ավարտելով ուսումնարանը, նա իր ծննդավայրում բացում է նկարչական դպրոց: Այնուհետեւ ընդունվում եւ ավարտում է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական բաժինը: Եվ այդ տարիներից սկսած՝ նկարիչը սկսում է անհատական ցուցահանդեսներով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում` մարդկանց իր յուրահատուկ նկարների միջոցով ցույց տալով ամեն մարդկայինը` թե ուրախություն, թե տխրություն, թե հուզմունք:

71-ամյա վաստակաշատ նկարիչ Երվանդ Բիչախչյանի գործերը շարունակում են պտտվել աշխարհով մեկ (ավելի քան 50 երկիր), իսկ արվեստագետը չի դադարում ստեղծագործել եւ թղթին հանձնել իր գունեղ մտքերը: Նա այժմ ոչ թե ափսոսանքով, այլ հպարտորեն ասում է, որ Արթիկից չի հեռացել, թեեւ նրան մեծ ապագա էր սպասվում արտասահմանում: Նա չի թողել իր հայրենիքը, որովհետեւ ինչպես ինքն է ասում, այստեղ շատ թաքնված տաղանդներ կան, որոնց դեռ պիտի բացահայտի:

Հավելենք, որ Երվանդ Բիչախչյանի կոմպոզիցիոն աշխատանքները հակված են դեպի խորհրդապաշտություն: Նա ստեղծագործել է նաեւ գրաֆիկայի ժանրում: Մասնագետների գնահատմամբ, նրա գործերը կրում են դասական, ժամանակակից եւ ազգային նկարչության տարրեր եւ տարբերվում իրենց յուրահատկությամբ:

ՏԱԹԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում