Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրել է Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրել է Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարել է ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած«Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։

«Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։

Ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն և թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր է։ Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Իսկ ապրիլի 23-ի համերգի տեսագրությունը «Մեդիչի» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել հետևյալ հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում