Իրերի դեմքն ու դիմակը

Իրերի դեմքն ու դիմակը

Իրերի դե՛մքը:
Իրերի դե՜մքը…

Իրերն ապրում են մի բոլորովին անծանո՜թ կյանքով,
Լոկ իրե՛նց համար,
Մի՛միայն իրենց:
Մինչդեռ մե՜զ համար
Նրանք պարզապես թատրոն են խաղում`
Հե՛նց որ, քանի դե՛ռ նայում ենք նրանց:
Իսկ երբ չե՛նք նայում,
Հենց որ չենք նայում`
Նրանք հանում են դիմակներն իրենց
Ու ծաղրում են մեզ` լեզու հանելով:
Իսկույն հանում են դիմակներն իրենց
Ու նայում իրենց դեմքով իսկական,
Որ խաղացկուն է (հավատացե՜ք ինձ),
Եվ արտահայտի՜չ,
Եվ խոսո՜ւն-խոսո՜ւն`
Քամիների հետ վիճող ծառի՛ պես,
Լեռնային գետի՛
Ու գեղեցկուհո՜ւ…

Իրերի դե՛մքը:
Իրերի դե՜մքը…

Ա՜յ եթե լիներ մի ճար ու հնար
Նկարել նրանց հենց ա՛յն պահերին,
Երբ նրանք իրենց դիմակն են հանում
Ու դրսևորվում բուն տեսքով իրենց:
Նկարել թաքո՛ւն, ինչ-որ անկյունի՛ց,
Անականկալի՜ բերելով նրանց.
Նկարել նրանց… կոճակի ծակո՛վ
Կամ ինքնահոսի անտես սողանքո՛վ.
Նկարել այնպե՜ս.
Ինչպես որ ծածուկ կինոաստղի են լուսանկարում`
Օրը ցերեկով տաք քնքշություններ փոխանակելիս,
Հանցագործին են լուսանկարում`
Իր հանցանքի հետ գրկախառնըված,
Եվ Լուսնին` իր մութ – հակառակ կողմից…

Օ՜ թատերական դիմակներ հագած իրերն այս բազում…
Ես համոզվա՜ծ եմ, ես հաստա՛տ գիտեմ.
Նրանք ինձանից վախենում-քաշվում-ամաչում են միշտ,
Ինչպես մերկ կինը` անսպասելի հայացքից օտար:
Եվ ամբողջ կյանքում նրանք մշտապես մի բան են անում`
Դիմակ են դնում – դիմակ են հանում,
Ի՜նչ է թե իրենց դեմքը չտեսնեմ ավելորդ անգամ:
Եվ նրանք, գիտե՛մ, մահս են ցանկանում,
Որպեսզի… ապրեն առանց դիմակի…

Բայց երբ կատարվի տենչանքը նրանց,
Նրանցից ոմանք
(Կամա թե անկամ, ուրախ թե տրտում)
Կուղեկցեն իմ դին
Եվ ինձ հետ մեկտեղ կթաղվե՛ն անգամ,
Ինչպես որ անցած դարերում հին-հին
Հոմանի, ծառա, ճորտ էին թաղում
Իրենց վախճանված տիրոջ հետ մեկտեղ…

Անդիմա՞կ արդյոք թե դիմակ հագած
Իրերն եմ սիրում ետմահո՛ւ սիրով,
Սիրում եմ նրանց` ի՛մ իսկ ճորտերին…

28.X.1965թ.
Չանախչի
Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում