Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կոչը լոռեցիներին

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կոչը լոռեցիներին

Այնտեղ, որտեղ կա սեր, եղբայրություն, համերաշխություն և խաղաղություն, այնտեղ Աստված է բնակվում։

Սիրելի իմ լոռեցի եղբայրներ ու քույրեր,

Պատմական օրեր ենք ապրում: Այն, ինչ տեսնում ենք, շրջադարձային է մեր երկրի համար:

Իմ շատ սիրելի երիտասարդներ, հայրենակիցներ, անշուշտ այս շարժումով միջազգային հանրության աչքին մեր ժողովրդի վարկանիշը շատ բարձրացավ: Սկսված գործընթացը երիտասարդական շարժում է: Այն ապագային է միտված, և ապագայի տերը երիտասարդությունն է: Եկեք չմոռանանք, որ սա այն երիտասարդությունն է, որը հաղթեց Ապրիլյան քառօրյային, ուստի հաղթանակած սերունդ է, և իզուր չէ, որ կոչվում է նաև անկախության սերունդ: Սիրելի երիտասարդներ, դուք ապացուցեցիք, որ երիտասարդ հայը իր մտածելակերպով շատ բարձր արժանապատվություն ունի:

Փաստորեն, սկիզբ է դրվում ՀՀ Անկախության նոր փուլի: Սակայն նկատի պիտի ունենանք, որ այս շարժումը դեռ չի ավարտվել, և այս շարժման սահմանադրորեն տրամաբանական ավարտին մենք մեր ճիշտ պահվածքով, խաղաղությամբ ու համերաշխությամբ պիտի նպաստենք:

Շարունակենք ապավինել մեր զգոնությանն ու իմաստությանը, թույլ չտանք ներքին քաոս, բացառենք արտաքին ուժերի միջամտությունը: Այս շարժումը և իշխանափոխությունը մեր ժողովրդի արդար պահանջն է իր հայրենիքում արժանավայել ապրելու, իր իրավունքներին տեր կանգնելու վճռականության խոսուն վկայությունն է:

Խնդրում եմ չշփոթել պետականությունը իշխանությունների հետ: Ես ևս՝ իբրև առաջնորդ, մշտապես իմ քարոզներում և ելույթներում հայոց պետականությունը իբրև բացարձակ արժեք մեծարել ու վեր եմ դասել ամեն ինչից: Մենք բոլորս պարտավոր ենք զորացնել ու անվտանգ պահել այն և տարանջատել անցողիկ օրակարգային երևույթներից:

Հայրաբար հորդորում ենք պետական այրերին, իրավապահ մարմիններին և բոլոր մասնակիցներին՝ գործել սիրո և եղբայրության մթնոլորտում, ծայրաստիճան հարգալից վերաբերվել միմյանց, դրսևորել խիստ զսպվածություն, բացառել բոլոր տեսակի սադրանքները և զերծ մնալ բախումներից, հակառակ պարագային մենք մեր երկիրն ու պետությունը խոցելի կդարձնենք:

Մենք քաղաքակիրթ ժողովրդի զավակներ ենք, ուստի մեր ավագ սերնդի պարտականությունն է օգնել շարժման մասնակիցներին, ուղղորդել նրանց՝ կարևորելով նրանց ու մեր երկրի անվտանգությունը:

Հայրական մեր օրհնությունն ենք բերում բոլորիդ և աղոթում, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի միայն խաղաղ ճանապարհով։

Այնտեղ, որտեղ կա սեր, եղբայրություն, համերաշխություն և խաղաղություն, այնտեղ Աստված է բնակվում։ Ուստի հանուն մեր սերունդների և հայրենիքի անսասանության՝ լինենք զգոն և միաբան, չուրախացնենք մեր թշնամիներին։

Մենք մեր ժողովրդի, մեր ազգի կողքին ենք։

Օրհնությամբ՝ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում