Դավիթ Մաթեւոսյանը հայտարարություն արեց՝ անհեթեթ պահանջների մասին

Դավիթ Մաթեւոսյանը հայտարարություն արեց՝ անհեթեթ պահանջների մասին

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում իր գործընկերներին կոչ արեց հրաժարվել Հայաստանի ազգային կինոկենտրոնին նախագծեր ներկայացնելուց, որովհետեւ տարիներով չարչրկած իրենց նախկին նախագծերն ընդունելու համար, ըստ ռեժիսորի, իրենց առաջ անհեթեթ պահանջներ են դնում:

Դավիթ Մաթեւոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ու մասնավորապես հայտնեց. «Թեեւ ժամանակներն ավելի քան ապստամբ ու հեղափոխական են, եւ հայտարարությունս կարող է հասցեատերերին իմիջիայլոց հասնել եւ հանրությանն առանձնապես չհետաքրքրել, սակայն իմ մասնագիտական պարտքն եմ համարում այսօր եւ այստեղ ասել, որ Հայաստանի Հանրապետության ազգային կինոկենտրոնի նոր կանոնակարգով, որն այս պահին իրենից ներկայացնում է իրարամերժ մի քանի հիմնադրույթների ամբողջություն, մեզանից պահանջվում է ինչ-ինչ նոր քայլեր անել, եթե մենք նպատակադրված ենք, որպեսզի մեր կինոնախագծերն ընդունվեն եւ քննարկվեն կինոկենտրոնում, ահա այդ կանոնակարգը շատ անհասկանալի է եւ գորշ արդյունքն է, ցավոք սրտի, նաեւ իմ եւ գործընկերներիս երկարատեւ ջանքերի, երբ կինոօրենսդրություն ենք մշակում, կանոնակարգին էինք անդրադառնում, կառույցների մասին էինք խոսում, երազում էինք նոր, ժողովրդավարական կանոնակարգով եւ Կինոյի մասին օրենքով կինոարտադրությունը վերագործարկելու եւ վերջո ինչ-որ հաջողությունների հասնելու վերաբերյալ:

Այս կանոնակարգի ինչ-ինչ կետերով մեզանից պահանջվում է տարիներ առաջ ներկայացրած, վերաներկայացրած եւ բազմիցս տարբեր փաստաթղթերի եւ թղթավարության միջոցով կինոկենտրոնի եւ դրանից առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայի պահանջները բավարարած պրոդյուսերներիս եւ ռեժիսորներիս այդ նույն կինոնախագծերը, որ տարիներ ի վեր կոռումպացված համակարգի ակտիվ եւ հրեշավոր գոյության շնորհիվ անտեսվել են եւ իրենց տրամադրության տակ են 1-2, 4-5 տարի, մեզանից պահանջում են նորից իրենց ներկայացնել` նոր պահանջներով եւ նոր պայմաններով, որոնք ինքնին թյուրիմացություն են, ասենք՝ պահանջում են տեղեկանք բերել` հարկային մարմիններից, հարկային մարմինների հանդեպ պարտավորություններ չունենալու վերաբերյալ կամ վարկային տեղեկանք բերել, որ վարկային պարտականություններ չունենք»:

Դավիթ Մաթեւոսյանը դրանք անհեթեթ պահանջներ է որակում, հետեւաբար հրաժարվում է Կինոկենտրոնի կանոնները եւ կանոնակարգն ընդունելուց եւ իր կինոնախագծերը ներկայացնելուց, մինչեւ իր ձեւակերպմամբ, կինոկենտրոնը կդառնա կենսունակ, մինչեւ որ հասկանան, որ 21-րդ դարում են ապրում եւ գործ ունեն 21-րդ դարի կինոգործիչների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

«Իմ գործընկերներից շատ-շատերին գիտեմ, որ նույնպես վրդովված են եւ չեն հասկանում այս ամբողջ անհեթեթ գործընթացը»,-ասաց ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում