Լիպարիտ Ավետիսյան

Լիպարիտ Ավետիսյան

Հայազգի օպերային երգիչ, տենոր՝ Լիպարիտ Ավետիսյանը, ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 30-ին՝ Երևանում։

Փոքր տարիքից տեղափոխվել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցի վոկալ բաժինը` Վերա Ռիբալկոյի դասարանում:

Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:

Երկու տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում:

Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի ունեցավ Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում: Լիպարիտը հանդես եկավ Ֆենտոնի դերերգով Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում, արժանալով օպերային հասարակության բարձր գնահատանքին:Որից հետո նա անմիջապես հրավիրվեց կատարելու Ռուդոլֆի դերերգը (Պուչչինի «Բոհեմ») Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում և Ալֆրեդի դերերգը (Վերդի «Տրավիատա») Լոնդոնի Քովենտ Գարդեն Թագավորական օպերային և Սիդնեյի Օպերային թատրոններում:

2013 թվականից Լիպարիտ Ավետիսյանը Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Այստեղ նրա խաղացանկում են` Սարոյի (Տիգրանյան «Անուշ»), դոն Խոսեի (Բիզե «Կարմեն»), Ալֆրեդի (Վերդի «Տրավիատա»), երիտասարդ գնչուի (Ռախմանինով «Ալեկո») դերերգերը:

Լիպարիտ Ավետիսյանը համագործակցում նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նա հանդես է եկել Ռուդլֆի (Պուչչինի «Բոհեմ»), Դուքսի (Վերդի «Րիգոլետտո») դերերգերով, ինչպես նաև կատարել է տենորի մեներգերը Վերդիի և Մոցարտի Ռեքվիեմներում և Մալերի «Երգ հողագնդի մասին» ստեղծագործությունում:

Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոնների: Այդ թվում` «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» փառատոնը Լոնդոնում, «Ազգային Պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնը» Երևանում, «Սպիտակ գիշերների աստղեր» XXI-րդ միջազգային երաժշտական փառատոնը, Սանկտ-Պետերբուրգում, «Զատկի փառատոնը» Մոսկվայում, «Բեթհովեն-Ֆեսթ»-ը Լեհաստանում, «Մուստոնեն-Ֆեսթ»-ը Էստոնիայում, «Միդեմ Ֆեսթ»-ը Ֆրանսիայում, «ԱՀԱՎԱ-Ֆեսթ»-ը Գերմանիայում:

2014 թվականին Լիպարիտ Ավետիսյանը ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ:

Ավետիսյանը իր մասնակցությունը ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ելույթ ունենալով «Հովեր» Պետական կամերային երգչախմբի և հանրահայտ Եվգենի Կիսինի հետ Նյու-Յորքի Կարնեգի Հոլլ համերգասրահում, Վաշինգտոնի Ստրատմոր երաժշտական կենտրոնում, ինչպես նաև կատարեց տենորի մեներգը Մոցարտի «Ռեքվիեմում» Փարիզի «Շաթլե» թատրոնում:

2015 թվականից Լիպարիտ Ավետիսյանը հրավիրյալ երգիչ է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում: Այստեղ նրա խաղացանկում են` Դոն Ժոզեյի (Բիզե «Կարմեն»), Դե Գրիյեի (Մասնե «Մանոն»), Կոմս Ալմավիվայի (Ռոսինի «Սևիլյան սափրիչ»), Արքայազնի (Պրոկոֆև «Սեր դեպի երեք նարինջ») և Նեմորինոյի (Դոնիցետի «Սիրո ըմպելիք») դերերգերը:

2016 թվականի մարտին Երևանում կայացած «Արտավազդ» ամենամյա թաթերական մրցանակաբաշխությանը, Լիպարիտ Ավետիսյանը հաղթող ճանաչվեց, լավագույն տղամարդ դերասան անվանակարգում, Բիզեյի «Կարմեն» օպերայում իր ցուցաբերած դերակատարման համար:

2016 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխությունը, որտեղ նա արժանացավ մրցանակի լավագույն հրավիրյալ երգիչ անվանակարգում, Դե Գրիյեի (Մասնե «Մանոն», Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն) և Դոն Ժոզեյի (Բիզեյի «Կարմեն», Եկատերինբուրգի օպերային թատրոն) դերերգերում իր ցուցաբերած դերակատարման համար:

Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար Ավետիսյանը առաջադրվել է նաև «Ոսկե Դիմակ» ռուսական ազգային թաթերական մրցանակաբաշխությանը, լավագույն տղամարդ դերասան անվանակարգում: 

2017 թվականի ապրիլին, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան ակադեմիական երաժշտական թատրոնում կայացած մրցանակաբաշխությանը Լիպարիտ Ավետիսյանը՝ «Լավագույն տղամարդ- դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի։

Կռունկ

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:

Կոմիտաս
Կատարում՝ Լիպարիտ Ավետիսյանի
Դաշնամուր՝ Արմեն Աղաջանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում