«Անկախությունից ի վեր խարդախությունն է վարած երկիրը»․ Արսինե Խանջյան

«Անկախությունից ի վեր խարդախությունն է վարած երկիրը»․ Արսինե Խանջյան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որը նույնպես ապրիլի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իր ողջույնները փոխանցեց սփյուռքահայերից ու շնորհավորեց հայ ժողովրդին։

«Դուք մեզ փորձած եք համոզել, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի վերապրումին և կյանքի ընթացքին։ Մենք միշտ համոզված եղած ենք, որ պիտի մասնակցենք, բայց բավարար չենք ճանաչած այդ ճանապարհները, որ կարենայինք մեր մասնակցությունը ճիշտ ձևով բերել։ Համենայնդեպս մեկ ճանապարհը, որ ճիշտն է, այն է, որ միշտ ձեզ թիկունք կենանք և ոչ թե մենք այդ փոփոխությունը բերենք, որովհետև այսօր դուք կրցաք հաղթել և փոփոխություն բերել»։

Նա ասաց, որ արտերկրում ապրող շատ հայեր Հայաստանի քաղաքացիների հետ են։

Նա նշեց, որ անկախությունից ի վեր խարդախությունն է վարած երկիրը։

«Եթե օլիգարխներն են, եթե իշխանություն կկոչվին, չեմ գիտեր, բայց խարդախությունն է, որ վարած է երկիրը։ Դուք հաղթահարեցիք այդ խարդախության», -ասաց Արսինե Խանջյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ուղղություն տվեց, իսկ ժողովուրդը կարողացավ ինքն իրեն ազատել վախերից։ Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ առանց վայրագ գործողությունների կարողացավ մարդկանց դուրս բերել ու միավորել համայն հայությանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում