Չկաս

Չկաս

Քեզ հետ՝ մահ չկար,
առանց քեզ՝ կյանքը չկա: 

Ինձ ապրեցնող գեղեցիկը սպանեց ինձ․
ու երկիրը սուզվել է մշուշի մեջ,
ինչպես սառցե ժամանակ էր:

Երկնքի բաց կապույտ երակներով
արագիլներ են չվում.
վերջին երամն է սպիտակ փետրավորների:
Տիեզերքի աշունն է՝ ծանր, ուշ,
ոտքերիս տակ տերևներ են՝ գույն-գույն մեռնող.
քաղաքի վերջին այգին է,
ուրիշ կանգառ չի լինելու:

Ծառը՝ տերևաթափ, հեռանում է,
տունը՝ ամայի, հեռանում է․
ինչ կար՝ հոգնած էր, հեռացել է:
Ջրերը կանգնել ու չեն հոսում,
հողը սմքել ու չի թրթռում,
անջերմություն, ցուրտ է արևի մեջ:

Քո շարժումները օդում են, դո՛ւ չկաս,
իմ հայացքը նույնն է, ե՛ս չկամ,
ամեն բան իր տեղում է, մե՛նք չկանք:

Ստվերդ առանց քեզ է, ու հեռու ես,
առանց քեզ է մարմինս, ու հեռու եմ.
ինձ հետ չի այն ժամանակը,
երբ մահ չկար:

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում