Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչումը Հռոմում

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչումը Հռոմում

Ապրիլի 23-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ հսկում` նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մասնակցությամբ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, ինչպես նաև բազմաթիվ հայերի և այլազգիների ներկայացուցիչների:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը հնչեցին հայրենիքին և ցեղասպանությանը նվիրված երգեր և ասմունք:

Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Հռոմում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ` Հոգեշնորհ Տիրայր աբեղա Հակոբյանը:

Հայր Սուրբն իր խոսքում ընդգծեց. «…Մեր ուժը մեր միասնության մեջ է: Սակայն պատմությունը վկայում է, որ մեր թուլությունը մեր նախապաշարումների մեջ է: Այսօր մենք իրապես պետք է ներկայացնեք հայ ժողովրդի լավագույն տեսակը, որպեսզի ևս մեկ անգամ փաստենք, որ մենք այն ազգն ենք, ով արժանի է ապրելու ու արարելու և ով պիտի ապրի ու արարի…»: Արարողությունը եզրափակվեց Սուրբ Նիկողայոս եկեղեցու բակի մեջ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարի մոտ մոմավառությամբ:

Ապրիլի 24-ին Սուրբ Նիկողայոս եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ ցեղասպանության զոհերի հիշատակին: Ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպանուհի Վիկտորիա Բաղդասարյանը: Վերջինս Պատարագի ավարտին իր խոսքում նշեց, որ 103 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատը, լեզուն, հայրենիքն ու մշակույթը: Դեսպանուհին ընդգծեց նաև, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհի հարյուրավոր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները վկայությունն են Անատոլ Ֆրանսի կողմից հնչեցված մարգարեական խոսքերի իրավացիության. այն է՝ «Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի նորից: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»:

Պատարագի ավարտին ներկաները թափորով ուղղվեցին դեպի Սուրբ Նիկողայոս եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարը, որին կից էլ տեղի ունեցավ բարեխոսության արարողություն և տեղադրվեցին ծաղիկներ՝ որպես խոնարումի և հարգանքի նշան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Արարողության ավարտին ներկաներին բաժանվեցին «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությաբ տպված գլխարկներ` «Ես խաղաղության կողմնակից եմ» (I stand for peace) անգլերեն գրառմամբ: Նպատակն էր հավաստել աշխարհին, որ հայ ժողովուրդը պահանջում է նրանից միայն ու միայն խաղաղություն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում