Արայի հեքիաթը

Արայի հեքիաթը

Անտառի խորքում մի սառցե ամրոց կար: Այնտեղ ապրում էր Ձմեռ պապիկին՝ իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ: Կլոր տարին անտառում ձյուն էր լինում ու սառնամանիք: Եվ դա այնպիսի հաճույք էր պատճառում Ձյունանուշիկին…Նա ամբողջ օրը խաղում, վազվզում էր անտառում: Իսկ տոնածառեր, որքան ուզեիք կային: Այդպես անցնում էին օրեր, շաբաթներ: Սառցե ամրոցում աշխատում էին Ձմեռ պապին եւ Ձյունանուշիկը: Նրանք տեսակ-տեսակ խաղալիքներ էին պատրատում, գունազարդում…Սպասում էին նոր տարվա գալուն: Ահա նոր տարին նախաշեմին է: Մի օր Ձմեռ պապին անտառում լ;սեց զանգակների անուշ ղողանջը: Ինչ-որ մեկը սահնակի վրա սլանում էր իր կողմը: Ձմեռ պապին ճանաչեց փոքրիկ Արային: Նրան մանկապարտեզից էին ուղարկել իր մոտ՝ տոնածառ եւ խաղալիք տանելու. չէ՞ որ նոր տարի է գալիս…

Արան Իջավ սահնակից եւ վազեց Ձմեռ պապի մոտ:

– Արա ջան, այդ դո՞ւ ես: Ձյունանուշիկը անհամբեր քեզ է սպասում,- ասաց պապն ու Արայի հետ մտան Սառցե ամրոց: Այդ գիշեր Արան մնաց Ձմեռ պապի ու Ձյունանուշի մոտ, իսկ առավոտյան պիտի ետ դառնար, մանկապարտեզում սպասում էին նրան…Սլանում էր Արան նվերներով ու գույնզգույն խաղալիքներով սահնակի վրա նստած…Արայի ձեռքին Սառցե եղնիկ կար, դա Ձյունանուշն էր նվիրել , որն ասես ուղեկցում էր Արային: Չէ որ Գայլը կարող էր հանկարծակի հարձակվել Արայի վրա: Այդ մասին նրան զգուշացրել էր Ձյունանուշիկը: Արան Սառցե եղնիկը ամուր սեղմեց կրծքին: Եղնիկը խոշոր աչքերով նայեց Արային եւ կամացուկ շշնջաց.

– Արա ջան, դու ինձ այդպես ամուր մի սեղմիր, ես կհալչեմ, եւ դու ճանապարհդ կկորցնես:

– Բայց ես չեմ ուզում, որ դու ինձնից բաժանվես: Ավելի լավ է նստիր կողքիս:

Սահնակը ուրախ-ուրախ ղողանջելով սլանում էր առաջ: Իսկ անտառում փաթիլ-փաթիլ շարունակում էր տեղալ փափուկ ձյունը: Արան հոգնած էր, դիմեց Եղնիկին.

– Եղնիկ ջան, արի մի քիչ հանգստանանք:

– Ոչ, ոչ,- ասաց Եղնիկը:- Այստեղ չի կարելի: Գորշ գայլը մեզ կուտի:

Բայց Արան շատ խնդրեց, եւ վերջապես իջնելով սահնակից, սկսեց վազվզել ձյան մեջ…քիչ անց թաքուն եկավ Գորշ գայլը:

– Ո՞վ եք դուք, ո՞ւր եք գնում,- հարցրեց նա:

– Ես Արան եմ, եղնիկի հետ միասին տոնածառ եմ տանում մանկապարտեզ…Նոր տարի է գալիս…

– Իսկ կողքինդ ով է:

– Եղնիկը, Ձյունանուշի նվերը:

– Աաաա,- ծոր տվեց գայլը,- Եղնիկները շատ համեղ են լինում: Ես շատ եմ քաղցած եւ Եղնիկին պիտի ուտեմ:

– Գորշ գայլ,- խնդրեց Արան,- ինչ կուզես՝ կտամ, միայն թե Եղնիկին չուտես:
– Ես Եղնիկիդ կուտեմ,- մռլտած գայլը եւ նետվեց դեպի սահնակը:

Սկսվեց մենամարտը…

Իսկ մանկապարտեզում անհամբեր սպասում էին երեխաները: Վաղուց անցել էր ժամանակը, բայց Արան չկար ու չկար…Երեխաները անհանգիստ նրան էին սպասում: Բայց մեկ էլ լսվեց զանգակների ղողանջը…Երեխաները մոտեցան լուսամուտին եւ ինչ տեսան…Արան մի գեղեցիկ եղնիկ գրկին, մոտենում է մանկապարտեզի դռներին:
– Ուռա,- ուրախ գոչեցին երեխաները եւ վազեցին Արային դիմավորելու:

Քիչ հետո տոնածառը կանգնած էր մանկապարտեզի սրահում: Գագաթին փայլում էր կարմրաթեւ աստղը…Երեխաները շրջապատել էին տոնածառը, ուրախ երգում էին, իսկ հետո Արան պատմեց Գորշ գայլի եւ Եղնիկի մենամարտի մասին, թե ինչպես է Եղնիկը փրկել Արային…Երեխաները շատ ուրախ էին, նրանց հետ մեկտեղ նաեւ Եղնիկը, նա թռչկոտում էր, պտտվում տոնածառի շուրջը…Նոր տարի էր եկել…

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում